Մի օրվա մեջ, մի ժամվա մեջ Սահմանադրություն եք փոխում. դա աննորմալ ընթացք է. Ֆելիքս Թոխյան
Առանց ՍԴ-ի եզրակացության չէր կարելի դնել հանրաքվե, իրավաչափության խնդիրներ է եղել։ Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունների որոշմանը:
«Նայեք վենետիկցիների կարծիքը։ Վենետիկցիները կամավոր եւ պարտադիր թոշակի վերաբերյալ տվել են իրենց կարծիքը, մեր իշխանությունները համաձայնվել են, որ միայն կամավոր կարող են գնալ։ Մեզ տվեցին 2 ամիս ժամկետ, ասացին՝ գնացեք տղաներ, թոշակի գնացեք՝ լավ պայմաններով։ Ինչ-ինչ պատճառներով մենք հրաժարվել ենք գնալ թոշակի։ Մի քանի ամսից եղավ ամենաճիշտ որոշումը. հանրաքվեով որոշումը։ Հանրաքվեն նշանակվել էր ապրիլի 5-ին, այն ժամանակ այսպիսի կորոնավիրուսային վիճակը չէր։ Հանրաքվեն հնարավոր էր անել։ Մեր հարազատ Արցախում արեցին ընտրություններ, այն էլ 2 փուլով»,- ասաց ՍԴ անդամը։
Թոխյանը հորդորեց ուսումնասիրել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ կետերով. «Դուք մի ղեկավարվեք միայն իշխանության մեկնաբանություններով, թե ինչ է ասել Վենետիկը։ Բացեք ու նայեք վենետիկցիների կարծիքը՝ կետերով։ Ուղղակի գրած է՝ ձեր արածը չի համապատասխանում մեր ասածին, ինչու եք ասում, որ սա դրական կարծիք է ու համահունչ է. չի կարելի այդպես։ Մի օրվա մեջ, մի ժամվա մեջ Սահմանադրություն եք փոխում. դա աննորմալ ընթացք է»։
Լրագրողի դիտարկմանը, որ իշխանությունը ցանկանում է այնպես անել, որ ՀՀ նախագահի ստորագրությունը պարտադիր չլինի այդ օրինագծի ուժի մեջ մտնելու համար, ՍԴ անդամն ասաց. «Մենք էլ ենք շատ բան ցանկանում. այդպես չի։ Նայեք՝ քանի օրենք են փոխել։ Երեկոյան նայեցի, որ մի հատ էլ արտահերթ արեցին եւ փոխեցին ռեգլամենտը, դա իրենց սրբության սրբոցն է, թե ինչպես պետք է աշխատի ԱԺ-ն, դա գրած է ռեգլամենտում։ Դա էլ կարող է գալ ՍԴ, բայց դա սահմանադրական օրենք է եւ գնալու է ՀՀ նախագահի ստորագրությանը իքս ժամկետում։ Հետո նոր ուժի մեջ է մտնելու այդ տարբերակը, որ պետք է չի դու ստորագրես, ես 7 օրվա մեջ ԱԺ-ն կստորագրի ու կհրապարակի։ Մինչեւ դա պետք է նախագահը ստորագրի ռեգլամենտի փոփոխությունը»։
Հարցին՝ արդյոք առանց ՍԴ գալու այդ օրենքն ուժի մեջ կարո՞ղ է մտնել, Թոխյանն ասաց. «Առանց ՍԴ-ի եզրակացության չէր կարելի դնել հանրքավեի, իրավաչափության խնդիրներ է եղել հանրաքվեում՝ վենետիկցիներից վերջին կարծիքում։ ՍԴ օրենքում, Հանրաքվեի մասին օրենքում գրած է, որ ժողովուրդ, եթե դու գնում ես հանրաքվեի, ցանկացած ընտրատեղամաս որ մտնում ես՝ պատին պիտի լինի 2 փաստաթուղթ. մեկը՝ ինչո՞ւ ես գնում քվեարկելու, մյուսը՝ որ դա օրինական քայլ է՝ ՍԴ եզրակացությունը։ Կարծում եք, թե ժողովրդի իրավագիտակցությունն այնքան բարձր է, որ հասկանում է՝ ինչ հանրաքվեի է գնո՞ւմ»։