Հայ երգիչն իր առաջին Գրան Պրին շահել է Թուրքիայում
Մարգար Եղիազարյանը ծնվել է Էջմիածնում: Մայրը ժամանակին երգել է երգչախմբում, իսկ հայրն ակարդիոն է նվագել: Շատ լավ երգել է նաև իր տատը, բայց իր ընտանիքի անդամները չեն շարունակել զարգացնել արվեստի սիրելի ուղղությունը: Փոխարենը դա արել է Մարգարը: Ուսանողական տարիներին նա շատ ակտիվ է եղել, մասնակցել տարբեր միջոցառումների:
Առնո Բաբաջանյանի անվան միջազգային մրցույթի դիպլոմակիր է: Որպես մենակատար 2010 թվականից երգում է Գյումրու «Գոհար» նվագախմբում. այդ մեծ ընտանիքի անդամներից մեկն է ու իր համար մեծ պատիվ է այնտեղ երգելը: Այս երգչախմբի հետ շատ է շրջագայել՝ Հարավային Ամերիկա, Լիբանան: 11 տարի է, ինչ Հայաստանի պետական գուսանական անսամբլի մենակատար է:
-Սիրել եմ ժողովրդական երգեր: Երգել եմ պատանի տարիներից՝ Էջմիածին քաղաքի ժողգործիքների համույթում՝ «Նավասարդ» երգչախմբում: 2003 թվականին ընդունվել եմ կոնսերվատորիա, դասական-ոգալ բաժինը, դրան զուգահեռ որպես մեներգիչ ընդունվել ՀՀ գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը: Մինչ օրս որպես սոլիստ այնտեղ եմ աշխատում,- մեզ հետ զրույցում նշեց Մ.Եղիազարյանը:
«Տենոր» ասոցիացիայի առաջարկով վերջինս մասնակցել է Թուրքիայում տեղի ունեցած երգի մրցույթին: Այդ երկրում կայացած «Հարմոնիա» 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնից Մ.Եղիազարյանը վերադարձել է Գրան Պրի մրցանակով:
-Այստեղ ինձ հետաքրքրեց այն, որ կարող եմ մեր ազգայինը ներկայացնել: Թուրքիայում իմ ելույթը շատ լավ ընդունվեցին, իմ հանդեպ ոչ մի խտրականություն չի եղել: Երգել եմ մեր ազգային երգերից՝ «Հորովել», «Դլե յաման», «Իմ Անի», նաև Կոմիտասի երգերից: Ժյուրին 9-ը հոգուց էր բաղկացած՝ Թուրքիայից, Ադրբեջանից, Ղազախստանից, Լիտվայից, Վրաստանից, Հայաստանից, Իտալիայից և այլ երկրներից:
Մ.Եղիազարյանի խոսքերով Թուրքիայում ժյուրիի անդամները շատ են հուզվել իր կատարումներից.«Երբ ինձ հարցրեցին՝ Ալեքսեյ Հեքիմյանի «Անին» շա՞տ ես հավանել, ինչի՞ մասին է, սիրո՞: Ես էլ պատասխանեցի, որ մեր հին մայրաքաղաք Անիի մասին է, որը Թուրքիայի տարածքում է գտնվում»:
Հուլիսի 13-16-ը երգիչն Հայաստանում մասնակցելու է «Տենոր» ասոցիացիայի և Առնո Բաբաջանյան համերգասրահի կազմակերպած «Ոսկե ձայն» 2-րդ միջազգային մրցույթին:
-Օգոստոսին Լիտվայում «Երաժշտություն առանց սահմանների» երգի մրցույթ է տեղի ունենալու: Հրավեր եմ ստացել, որպեսզի մասնակցեմ դրան: Եթե ժամանակս ների, հավանաբար կմասնակցեմ դրան՝ Հայաստանը ներկայացնելով դասական և ֆոլկլոր երաժշտության ժանրերում,- այսպես եզրափակեց մեր զրույցն իմ զրուցակիցը:
Անահիտ Սիմոնյան