Իրանում զբոսաշրջիկներին կապսուլային հյուրանոցներում հանգիստ կառաջարկեն
Իրանում շաբաթ օրը տեղի է ունեցել պատիճային (կապսուլային) հյուրանոցի նախատիպի շնորհանդեսը: Երկրի զբոսաշրջության և ավտոմոբիլային ակումբի նախագահ Հոսեին Արբաբին հայտարարել է, որ ներկայում պատրաստ են 5 000 նման կապսուլային հյուրանոց ներկրել երկիր, ժամանակի ընթացքում դրանց պահանջարկը կարող է հասնել 10 000-ի, հայտնում է irna.ir կայքը։
Տեղեկությունների համաձայն՝ շուտով կապսուլային հյուրանոցներ կհայտնվեն իրանական տարբեր նահանգներում: Մոտ ապագայում պլանավորվում է Թեհրանում, Մաշհադում, Սպահանում, Շիրազում և Թավրիզում մոտ 200 նման կապսուլի տեղակայում։
Հայտնի է, որ դրանք հիմնականում զբոսաշրջիկների և ուղևորների համար նախատեսված տերմինալների կողքին կտեղադրվեն, նախատեսվում է նաև դրանցից էկոճամբարներում օգտագործել։
Հայտնի է, որ կապսուլային հյուրանոցները մշակվել են Ճապոնիայում և ստեղծվել են այն հյուրերի համար, որոնք չեն կարող իրենց մեծ և առավել թանկարժեք հյուրանոցային հանգիստ թույլ տալ։ Դրանք միմյանց վրա տեղակայված մի քանի ոչ մեծ համարներ են։