Թրամփի միգրացիոն հրամանագիրն ուժի մեջ կմտնի երեք օրից
ԱՄՆ պետքարտուղարությունը կսկսի իրականացնել նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագիրը Գերագույն դատարանի որոշումից 72 ժամ անց: Այդ մասին ասված է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Հիթեր Նաուերտի հաղորդագրությունում:
ԱՄՆ գերագույն դատարանը երկուշաբթի վճիռ է կայացրել հօգուտ նախագահ Թրամփի՝ մասամբ վերականգնելով առավելապես մահմեդական բնակչությամբ 6 երկրի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանագրի ուժը: Ավելի վաղ ստորադաս դատարանի որոշումներն արգելափակել էին մարտի 6-ի հրամանագրի առանցքային հատվածները:
«Միացյալ Նահանգները, համաձայն Գերագույն դատարանի որոշման և 2017 թվականի հունիսի 14-ի համաձայն նախագահական հրամանագրի, պարտավորվում է սկսել դրա գործարկումը գերատեսչության տրամադրության տակ դրա հայտնվելուց 72 ժամ անց»,- նշված է հայտարարությունում:
Ինչպես նշվում է՝ Պետքարտուղարությունը կներկայացնի հրամանագրի իրականացման մանրամասներն ամերիկյան արդարադատության նախարարության և ազգային անվտանգության նախարարության հետ խորհրդակցությունից հետո: Գերատեսչությունը նաև խոստանում է տեղեկացնել զբոսաշրջային ոլորտի, ինչպես նաև փախստականների հետ աշխատանքի ոլորտում գործընկերներին հրամանագրի իրականացման ընթացքում:
Դաշնային դատավորները երկու անգամ կանգնեցրել են նախագահի հրամանագրի իրագործումը, որով սահմանափակվում էր ԱՄՆ մուտքը մի շարք երկրների քաղաքացիների համար:
Թրամփը մարտի 6-ին ստորագրել է նոր հրամանագիր, որն ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելք է սահմանում հիմնականում մահմեդական բնակչությամբ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վեց երկրի՝ Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների համար:
Առաջին նմանատիպ հրամանագիրը Թրամփը ստորագրել էր հունվարի 27-ին, այսինքն՝ երդմնակալությունից մեկ շաբաթ անց: Այդ հրամանագրում «սև ցուցակում» ներառվել էր 7 պետություն՝ այդ թվում Իրաքը, որը երկրորդ տարբերակում հանվել է ցուցակից: