Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Արմեն Թավադյանի կալանքը վերացնելու որոշման դեմ դատախազության բողոքը
Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ դատախազության բողոքը: Տեղեկատվությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Արմեն Թավադյանին մեղադրում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառելու համար, որ դատարանում սուտ ցուցմունք տա։ Նրա դեմ ցուցմունք է տվել Ռ.Քոչարյանի մեկ այլ ենթադրյալ աջակից՝ Վ.Մկրտչյանը, որը նախ ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել՝ Թավադյանի ձերբակալությունից հետո։
Թավադյանը կալանքի տակ է գտնվել ավելի քան երկու ամիս. նա կալանավորվել էր 2019 թվականի դեկտեմբերին, իսկ 2020 թվականի փետրվարի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարեց Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը, թեեւ քրեական գործով նախաքննությունը գտնվում էր ավարտական փուլում։
Պաշտպանները ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ ներկայացրել էին վերաքննիչ բողոք, որը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին եւ մարտի 11-ին հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը եւ նույն օրը Թավադյանն ազատ է արձակվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ Վերաքննիչ քրեական դատարանը գտել էր, որ նրան առաջադրված մեղադրանքում բացակայում է հիմնավոր կասկածը։
Վերաքննիչ քրեական դատարանի որոշման հրապարակումից հետո Դատախազությունը հայտնեց դիրքորոշումը՝ դատական ակտը բողոքարկելու մասին, մինչդեռ՝ դատարանի որոշումը դեռևս չէր ստացել: Որոշումը ստանալուց հետո արդեն դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը և կրկին կալանավորել Թավադյանին: Հիմք է ընդունվել նախ՝ վիճարկվող դատական ակտը բացարկման ենթակա դատարանի կողմից կայացված լինելու հանգամանքը, ինչպես նաև այն, որ կայացված որոշումը որևէ կերպ պատճառաբանված չէ, անհիմն է և անօրինական: Մասնավորապես՝ չի բերվել որևէ պատճառաբանություն, թե ՀՀ Վճռաբեկ դատարանի համապատասխան իրավական դիրքորոշմամբ արտահայտված՝ կազմակերպված խմբին բնորոշ հիմնական առանձնահատկություններից որի կամ որոնց վերաբերյալ է ապացույցը բացակայում: Հիմնավոր կասկածի գնահատման առումով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դիրքորոշումը հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածին, ինչպես նաև դրա վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ-ի՝ մի քանի գործերով արտահայտված իրավական դիրքորոշումներին: Բացի այդ՝ Դատախազությունը պնդում էր, որ առկա են Ա. Թավադյանին կալանքի տակ պահելու հիմքերը՝ մասնավորապես կապված ազատության մեջ մնալու պայմաններում նրա կողմից գործի քննությանը՝ քրեական դատավարության մասնակցող անձանց, այդ թվում նաև մյուս մեղադրյալի վրա անօրինական ազդեցություն գործադրելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով խոչընդոտելու, վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու բարձր հավանականության հետ:
Մայիսի 28-ին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել դատախազության բողոքը՝ ըստ էության հիմնավոր չհամարելով ներկայացված փաստարկները: