Վրաստանում երկու ամսում արտակարգ դրությունը խախտողներին 7.1 մլն դոլարի տուգանք է դուրս գրվել
Վրաստանում սահմանված արտակարգ դրության ընթացքում խախտումների համար գրված տուգանքների գումարը գերազանցել է 22.5 մլն լարին (մոտ 7.1 մլն դոլար): Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, Վրաստանի ՆԳՆ բաց վիճակագրության տվյալները ներկայացրել է Детектор растрат ոչ կառավարական կազմակերպությունը:
Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը սահմանված է եղել մարտի 21-ից մայիսի 23-ն ընկած ժամանակահատվածում: Մարտի 31-ին սահմանափակումները խստացվել են, երկրում պարետային ժամ էր սահմանվել, ինչպես նաև արգելվել էր 3-ից ավելի մարդկանց հավաքը միևնույն վայրում:
Ոչ կառավարական կազմակերպության տվյալներով՝ երկու ամսվա ընթացքում արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար տուգանք է սահմանվել 7444 ֆիզիկական անձանց նկատմամբ, ինչպես նաև 18 կազմակերպության:
Ֆիզիկական անձանց համար տուգանքի չափը սահմանվել է 3 հազար լարի (942 դոլար), իսկ իրավաբանական անձանց համար՝ 15 000 լարի (մոտ 4 700 դոլար):