Մասնագետները պարզաբանել են, թե ինչու է դժվար սոցիալական հեռավորության պահպանումը
Համավարակի ժամանակ սոցիալական հեռավորության պահպանումն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը: Չնայած շատ երկրներ ձեռնարկել են անվտանգության տեխնիկայի միջոցառումներ, որոշ մարդիկ դեռեւս շարունակում են ճանապարհորդել կամ հավաքվում են մեծ խմբերով: Բրիտանական Կոլումբիայի համալսարանի մասնագետները պարզաբանում են, թե ինչու է, այնուամենայնիվ, այդքան դժվար անել այն, ինչը ճիշտ է:
Հեռավորության պահպանմանը մեր դիմադրելու պատճառները հաճախ ռացիոնալության սահմաններից դուրս են. գոյություն ունեն ռեֆլեքսիվ մտքեր, որոնք կառավարում են մեր վարքագիծը՝ հաճախ առանց սեփական գիտակցման: Մասնագետները պարզաբանում են, օրինակ, որ մարդկանց ուղղված ֆիզիկական հեռավորության պահպանման խնդրանքն իրականում կարող է հակառակ էֆեկտ ունենալ նրանց համար, ովքեր վախենում են, որ զիջողականությունը կհանգեցնի իրենց ազատության սահմանափակմանը: Սա կոչվում է ռեակտիվ դիմադրություն, եւ երբեմն հենց այս պատճառով են դեռահասներն ալկոհոլ գործածում, իսկ որոշ վարորդներ չեն օգտագործում անվտանգության ամրագոտիները, հայտնում է «Պոպուլյարնայա մեխանիկան»:
Կանոններին հետեւելուն մեզ խանգարում է նաեւ այն, որ մեր մասին այլ կերպ ենք դատում, քան մյուսների: Երբ սայթաքում ենք, դրա պատճառը ասֆալտի անհարթ լինելն է, իսկ մյուսները սխալ քայլեր են կատարում անճոռնիության պատճառով: Մադկանց երկու երրորդն ասում է, որ իրենք ավելի լավն են, քան սովորական վարորդները: Վատ չէ սեփական անձի մասին մի փոքր լավ մտածելը, բայց այս եսակենտրոնության հակառակ կողմն այն է, որ մենք նվազեցնում ենք ամենօրյա մթերքների գնալու կամ ընկերների հետ ժամադրությունների ռիսկերը:
Նաեւ հարկ է նշել, որ չոր թվերը եւ ինֆոգրաֆիկաները, որոնցով ծփում են բոլոր լրատվամիջոցներն ու հեռուստաալիքները, մարդու վարքի վրա շատ ավելի քիչ են ազդում, քան պատմությունները կամ նկարները: Մարդը ծրագրավորված է դրանք ավելի լավ հիշել, քան թվերը: Մահվան դեպքերի չոր վիճակագրությունը դժվար է հասկանալ, քանի որ ուղեղը չի կարող հուզականորեն կապվել դրա հետ:
Պատմությունները հիշվում են եւ ավելի համոզիչ են դառնում, երբ դրանք հիմնական հույզեր են առաջացնում, ինչպիսիք են երջանկությունը, տխրությունը եւ վախը: Թուրքական լողափում պառկած երեքամյա Ալան Քուրդիի սրտաճմլիկ կերպարը շատ ավելի մեծ արձագանք առաջացրեց, քան թուրք քաղաքացիների վրա սիրիական գրոհների մասին լուրերը: Նման պատկերները ստիպում են մարդկանց որոշակի կապ զգալ եւ գործողության են դրդում մեզ, նշում են հետազոտողները:
Ուստի համավարակի ժամանակ վարքագիծը փոխելու համար իշխանությունները պետք է դիմեն մեր մտքի աշխատանքի ինչպես ռացիոնալ, այնպես էլ ենթագիտակցական ձեւերին: