Ռոհանին կոչ է արել Արժույթի միջազգային հիմնադրամին 5 միլիարդ դոլար տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել Արժույթի միջազգային հիմնադրամին Թեհրանին 5 միլիարդ դոլար տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Իրանի իշխանությունները դեռևս մարտի կեսին նմանատիպ խնդրանքով դիմել էին ԱՄՀ-ին, սակայն Թեհրանը դեռևս չի ստացել խնդրած գումարը:
The Wall Street Journal-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն մտադիր է թույլ չտալ ԱՄՀ-ին օգնություն ցուցաբերել Իրանին:
«Մենք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի անդամ ենք, մենք վճարում ենք մեր բաժինը, մեր արժութային պահուստների մի մասը գտնվում է նրանց մոտ: Հնարավոր է, որ վերջին 50 տարվա ընթացքում հիմնադրամից ոչինչ չենք խնդրել, սակայն եթե նրանք չցանկանան կատարել իրենց պարտավորություններն այս դժվարին պայմաններում, աշխարհը դա այլ կերպ կգնահատի»,-ասել է Իրանի նախագահը երկրի կառավարության ապրիլի 8-ին կայացած նիստի ժամանակ:
Ելույթի ընթացքում Ռոհանին մեղադրել է ԱՄՆ-ին տնտեսական և բժշկական ահաբեկչության համար՝ հայտարարելով, որ այդ երկիրը խախտել է առողջապահության ոլորտի միջազգային կոնվենցիան:
Իրանում վերջին մեկուկես ամսվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 62 500 դեպք, որից 3800-ից ավելին մահվան ելք է ունեցել: Առողջացել է շուրջ 27 000 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 431 973 դեպք, 82 096-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 302 209 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում: