«Նժարին Եվրոպան է»․ Իսպանիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել կորոնավիրուսին միասնական հարված հասցնել
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը The Guardian պարբերականում հոդվածով է հանդես եկել, որտեղ Եվրոպական միության պետություններին կոչ է արել կորոնավիրուսի համավարակի հետևանքով գոյացած դժվար իրավիճակին միասնական պատասխան հարված հասցնել։
«Մարտահրավերը, որին հիմա բախվել ենք, արտակարգ է և աննախադեպ։ Մեր տնտեսական և սոցիալական համակարգերը պահելու և մեր քաղաքացիներին պաշտպանելու համար պետք է դրան ընդհանուր, միասնական, արմատական և հզոր հարված հասցնենք»,- գրել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ եկել է անհրաժեշտ բժշկական ապրանքներ համատեղ գնելու, կիբերանվտանգության ընդհանուր ռազմավարություն մշակելու և համավարակից հետո վերականգնվելու նպատակով պարտքային պարտավորությունների մեխանիզմի մշակման համար համերաշխություն ցուցաբերելու Ժամանակը։
«Եվրոպան պետք է պատերազմական ժամանակներին հատուկ տնտեսություն ստեղծի, իսկ համավարակի ավարտից հետո «Մարշալի նոր ծրագրի» միջոցով մոբիլիզացնի ռեսուրսները։
Դժվար ժամանակներ են, որոնք խիզախ որոշումներ են պահանջում։ Միլիոնավոր եվրոպացիներ հավատում են Եվրոպական միությանը, ուստի՝ նրանց չպետք է մենակ թողնենք։ Պետք է նրանց առիթ տանք, որ շարունակեն մեզ հավատալ։ Պետք է գործենք հիմա կամ երբեք, քանի որ նժարին հենց Եվրոպան է»,- գրել է Սանչեսը։