Վրաստանը 2 մլրդ լարիի աջակցություն է տրամադրում տնտեսությանն ու քաղաքացիներին, նվազեցնում պետական ծախսերը
Վրաստանի կառավարության որոշման համաձայն 2 միլիարդ վրացական լարի (մոտ 609 միլիոն դոլար) ուղիղ աջակցություն է հատկացվելու տնտեսությանը՝ կորոնավիրուսի տարածման շրջանում բնակչության կրած վնասները մեղմելու համար։
Երկրի վարչապետ Գեորգի Գախարիայի գնահատմամբ՝ այս հատկացման նպատակը աշխատատեղերի, ինչպես նաև ընկերությունների և ընթացիկ արտադրական գործընթացների պահպանումն է։
Նա նշել է, որ սա միայն առաջին փուլն է՝ հաշվի առնելով եղած տվյալները։
Ընդ որում, վարչապետը կառավարության նիստում ընդգծել է, որ այս 2 միլիարդը չի ներառում COVID-19-ի դեմ պայքարի համար առողջապահական ոլորտին հատկացված 351 միլիոն լարին։
Գախարիան կոչ է արել պետական կառույցներին առավելագույնս արդյունավետ և հնարավորինս ռացիոնալ օգտագործել իրենց հիմնարկության համար ճգնաժամային բյուջեում մոբիլիզացված միջոցները։
«Իհարկե, հետագայում կքննարկենք ընթացիկ ծախսերի արմատական կրճատման հարցը, ինչը նույնպես նախատեսված է ճգնաժամային բյուջեով և վերաբերում է հարյուրավոր միլիոնների»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանը որոշել է ֆինանսավորել քաղաքացիների 3 ամսվա կոմունալ ծառայությունները։