Արցախի ընտրություններին մեկնող դիտորդները անպայման պետք է թեստավորվեն, որ հանկարծ վիրուսն Արցախ չմտնի. Փաշինյան
Արցախում մարտի 31-ին տեղի են ունենալու նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ եւ սպասվում է դիտորդների ներկայություն Հայաստանից: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք այսօր արդեն ունենք կորոնավիրուսի ստուգման արագ թեստեր: Եկեք պայմանավորվենք, որ համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք, թե արդյոք դիտորդները ռիսկային գոտիներից են, թե ոչ: Եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք նրանց փոխարինել դիտորդներին: Նաեւ մեկնումից առաջ արագ թեստավորվեն, որ համոզված լինենք, որ նրանք վարակված չեն:
Փառք Աստծո, Արցախում մինչեւ հիմա կորոնավիրուսի ոչ մի դեպք չի հայտնաբերվել, չնայած տասնյակ մարդիկ թեստավորվել են: Պետք է ամեն ինչ անենք, որ դիտորդական խմբի հետ կորոնավիրուսը Արցախ մուտք չգործի»,-ասաց վարչապետը: