Բիլ Գեյթսը 20 միլիոն դոլարի ներդրում է կատարել արհեստական յուղ ստանալու համար
Ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսին պատկանող Breakthrough Energy Ventures ներդրումային հիմնադրամը 20 միլիոն դոլար է ներդրել C16 Biosciences ստարտափում, որը պատրաստվում է արհեստական յուղ արտադրել, հայտնում է Livekindly-ն:
Աղբյուրների համաձայն` ապրանքի արտադրության մեջ կօգտագործվեն արմավենու յուղին նույնական քիմիական բաղադրիչներ:
C16 Biosciences ստարտափը պլանավորում է այն կոսմետիկ բրենդների հետ աշխատել, որոնք օգտագործում են արմավենու յուղ: C16 Biosciences-ի գլխավոր տնօրեն Շարա Թիքի խոսքով`լաբորատորային ապրանքը կարող է նվազեցնել արտադրողների կախվածությունն արևադարձային անտառներից:
Հայտնի է, որ արմավենու յուղի արտադրությունն Ինդոնեզիայում անտառահատման հիմնական պատճառն է հանդիսանում: Դրա համաշխարհային պահանջարկը ոչնչացնում է վերացման վտանգի տակ գտնվող այնպիսի կենդանիների բնակավայրը, ինչպիսիք են օրանգուտանը և սումատրյան ռնգեղջյուրը:
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալներով` աշխարհում մնացել է ընդամենը 80 սումատրյան ռնգեղջյուր: Ամեն տարի արմավենու յուղ արդյունահանելու համար մթնոլորտ է արտանետվում մոտ կես միլիարդ տոննա ածխաթթու գազ: