Պոպուլիզմը խժռեց Հովհաննես Իգիթյանին
Կար մի ժամանակ, երբ Հովհաննես Իգիթյանը, որն այսօր իմքայլական է դարձել, պայքարում էր ժողովրդավարության համար, քարոզում ազատական արժեքներ, հանդես գալիս սեփականության դեմ ուղղված գործողությունների դեմ, բայց հիմա նա փոխվել է, շատ է փոխվել:
Եվրոպական կառույցներում երկար տարիներ աշխատած եւ ժողովրդավարություն քարոզող մարդն այսօր կողմ է, որ մարդուց խլվի իր սեփականությունը: Պոպուլիզմն ամբողջովին խժռել է Հովհաննես Իգիթյանին:
«Ապօրինի գույքի բռնագանձման» ամոթալի օրենքի պաշտպան Իգիթյանն իր դիրքորոշումն արդարացնելու համար կրկին առասպելներ է հորինում ոտքի վրա, այն տարածում: Հիմա անհրաժեշտություն է իրենց պոպուլիզմն արդարացնելու համար հիշել Ռոբերտ Քոչարյանին, հիշել նրա շուրջ հորինած առասպելները: Առանց ամաչելու կրկին ֆանտաստիկ թվերի մասին է խոսում, փորձելով կրկին հանրությանը թյուրիմացության մեջ գցել:
Իհարկե, որսի մասին հիշող Հովհաննես Իգիթյանը ստում է, այնպես ինչպես ստում էին չորս միլիարդի մասին խոսողները: Հատուկ Իգիթյանի համար շեշտենք, նրան դեռ հավատացողների համար շեշտենք, որ Ռոբերտ Քոչարյանն ընդամենը մեկ անգամ է որսի եղել, այն էլ իր ընկերների հրավերով, այն էլ այն ժամնանակ, երբ արդեն նախագահ չէր:
Ավելին, Իգիթյանը մոռանում է, որ հիմա համացանց կա եւ նույնիսկ դպրոցական ցածր դասարանցիները կարող են ճշտել, թե Աֆրիկայում այս կամ այն կենդանու որսը ինչ արժե, բայց խնդիրը դա չէ, այլ այն սուտը, որ անդադար տարածում ու տարածում են եւ ապրում այդ ստի վրա:
Եւ նույն Իգիթյանը չի էլ մտածում, որ մի օր իրեն կասեն, իսկ դու այդ ինչ փողերով էիր ժամանակ անցկացնում Նիսի, Կաննի կամ Մոնտե Կառոյի թանկարժեք լողափերին:
Ինչպես ժամանակին հորինեցին ու տարածեցին չորս միլիարդի առասպելը, այլ առասպելներ, հիմա էլ դրա վրա հիմնվելով օրենքներ են ընդունում:
Պարզապես հետաքրքիր է ի՞նչ կասեն նույն Իգիթյանին այն եվրոպացիները, որոնք նրան երկար տարիներ բավական բարձր գումարներ են վճարել ժողովրդավարական եւ ազատական արժեքները քարոզելու համար: Այդ քարոզն այս ու այն երկրում անելուց հետո նա կրկին հայտնվեց Հայաստանում, դարձավ պատգամավոր, որ բոլշեւիկյան ոգով քաղաքական հակառակորդներից գույք եւ ունեցվածք խլի:
Սա՞ էր Հովհաննես Իգիթյանի կյանքի իմաստը: Գուցե նա համոզված էր, որ Տեր-Պետրոսյանը եւս քաղաքական հակառակորդներից գույք եւ սեփականություն էր խլելու, որ նրա հրաժարականը շատ, շատ-շատ ծանր տարավ:
Իգիթյանն այսօր իմքայլականների հետ ուզում է մտնել մարդկանց տուն, ընտանիք, հաշվել նրանց ունեցվածքը, ստացած եկամուտները: կեղտոտ եւ զզվելի զբաղմունք: Ժողովրդավարական արժեքները տարիներով, տասնամյակներով քարոզած այս մարդը այսօր կողմ է այն օրենքին, որի ընդունման դեպքում ոչ միայն ոչ մի ներդրող Հայաստան չի գա, այլ նաեւ կապիտալի աննախադեպ արտահոսքի կհանգեցնի, ինչը կնպաստի արտագաղթի հերթական մեծ ալիքին:
Ի՞նչ են ուզում Իգիթյանն ու իր այսօրվա ընկերները Հայաստանից, դժվար է ասել, բայց հաստատ լավ բան չեն ուզում: Լավ բան ուզողները նման օրենք չեն ընդունի, լավ բան ուզողները սեփականության վերաբաշխումով չեն զբաղվի:
Իսկ Իգիթյանը պետք է որ շատ լավ իմանա, որ շատ շուտով ինքը եւ իր ընկերները համապատասխան հաստատություններում պատասխանելու են մի քանի հարցի, այդ թվում եւ այն, թե ինչ նպատակ էին հետապնդում Հայաստանի ողնաշարը ջարդող օրենքների ընդունումով կամ սահմանադրությունը շրջանցելով Սահմանադրական հանրաքվե նշանակելով:
Վարդան Մխիթարյան
Top-News.am