Հայաստանում օտարերկրյա դեսպանատան ավտոմեքենայի վարորդը դիվանագիտական անձեռմխելիությունը շփոթել է «բեսպրեդելի» հետ
Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական հաստատությունները, նրանց աշխատակիցները և նրանց սպասարկող ավտոմեքենաները երկրի տարածքում անձեռմխելիության կարգավիճակ ունեն:
Այդ կարգավիճակը դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենաների որոշ վարորդներ երբեմն շփոթում են ամենազորության և «բեսպրեդելի» հետ՝ համարելով, որ իրենց կարելի է ճանապարհային երթևեկության ցանկացած կանոն խախտել ու մնալ անպատիժ:
Օրեր առաջ, SHAMSHYAN.com-ի ընթերցողը ֆիքսել է Mercedes S 500 մակնիշի 45 D001 AM դիվանագիտական համարանիշի ավտոմեքենայի կոպիտ խախտումը: Ավտոմեքենայի վարորդը՝ խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, արգելված գոտի շրջադարձ է կատարում՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար:
Նման խախտումները ոչ միայն հասարակական կարգի կոպիտ ոտնահարում են, այլ նաև՝ հյուրընկալող պետության հանդեպ անհարգալից վերաբերմունք:
SHAMSHYAN.com-ը հուսով է, որ երկիրը, որի դրոշի ներքո Հայաստանի Հանրապետության տարածքում նման խախտումներ են կատարում, կարձագանքի մեր հրապարակմանը և խստորեն կպատժի Mercedes-ի օրինախախտ վարորդին: