Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ եկամուտների բևեռացման ամենասուր աստիճանը ՀՀ-ում է. Բագրատ Ասատրյան
Պետք է գնանք եկամուտների համատարած հայտարարագրման ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ անդրադռանալով հարցին, թե ինչ տեսակետ ունի համահարթ հարկման վերաբերյալ, տեսակետ կա առ այն, որ դրանից ավելի շատ շահում է խոշոր բիզնեսը։
«Երբ խոսում ենք համահարթեցման, պրոգրեսիվ հարկման մասին, սա պետք է վերաբերի ընդհանրապես եկամուտներին, ոչ թե կոնկրետ աշխատավարձի տեսքով ստացված եկամուտներին։ Հարկումը պիտի լինի հայտարարագրման հիման վրա։Աշխատավարձն այստեղ աղբյուրներից մեկն է լինելու։ 3 մլն-ից բարձր ստանում էր ընդամենը հազար հոգի, էս առումով էլ մենք մեծ նահանջ ունենք»,-ասաց Ասատրյանը և հավելեց, որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ եկամուտների բևեռացման ամենասուր աստիճանը ՀՀ-ում է։
«Տաջիկստանից ավելի վատ վիճակում ենք։ Դա պայմանավորված է մեր հարկային համակարգով, այդ պրոգրեսիվ հարկման համակարգով, որոնք թվացյալ էին, իրական չէին։ Այժմ անհամբեր սպասում եմ գույքահարկի մասին օրենքի կիրառմանը»,-ընդգծեց նա։
Տնտեսագետն իր խոսքում նշեց, որ գույքային հարկն ամենաարդար հարկատեսակներից է։ Ըստ նրա՝ ստվերը նաև անշարժ գույքի հետևում է դրսևորվում, ուստի ժամանակին չգանձված եկամուտները գույքային հարկի տեսքով պետք է այսօր գանձել։