Հանցագործությունների թիվը 2019-ին 2016-ի համեմատ ավելացել է շուրջ 34%-ով. թերևս, սա է այս իշխանության միակ ձեռքբերումը
Analitik.am կայքի հիմնադիր Անի Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում համեմատություն է կատարել 2016-2019թթ. իրավապահ համակարգի կողմից բացահայտված հանցագործությունների վերաբերյալ և գրառում կատարել.
«2019-ին՝ 2017-ի համեմատ ՀՀ-ում հանցագործությունների թիվն աճել է մոտ 34 տոկոսով Ուսումնասիրեցի իրավախախտումների քանակը Հայաստանում 2017-ին և 2019-ին։ Այսպիսի հետաքրքիր պատկեր ստացվեց․
2019 հունվար-նոյեմբերին գրանցվել է 24 164 հանցագործություն, որից 4 044-ը՝ ծանր, 264-ն էլ՝ առանձնապես ծանր։
2017-ի նույն ժամանակահատվածում գրանցվել է 17 898 հանցագործություն, որից 2 404-ը՝ ծանր, 161-ն էլ առանձնապես ծանր։
Ուշադրություն դարձնենք, որ ծանր հանցագործությունների թիվը գրեթե կրկնապատկվել է։ Աճել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը՝ 3 950-ից հասնելով 4 443-ի։
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություն-ների թիվը նույնպես աճել է՝ 3 196 -ից 2019-ին հասնելով 3 608-ի։
Գրեթե կրկնակի՝ 5564-ով աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները՝ 2017-ին եղել են 6 961, իսկ 2019-ին արդեն՝ 12 525։
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները նույնպես գրեթե կրկնակի աճ են գրանցել՝ 2017-ի 483-ից հասնելով 847-ի։
Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվն էլ է աճել՝ 2017-ին 2 689 դեպք, իսկ 2019-ին՝ 2 880։
Մտածելու տեղիք է տալիս նաև գողության դեպքերի աճի թիվը՝ 2017-ին եղել է 6 385 դեպք, իսկ 2019-ին՝ 9 276։
Այս իշխանության միակ ձեռքբերումը կարելի է, թերևս, համարել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թվի կրկնակի աճը՝ 2017-ին եղել է 553, իսկ 2019-ին՝ 1 154։ Սա շատ կարևոր է իշխանությունների համար, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դոնոր կազմակերպությունները բավականին խոշոր գումարներ են տալիս, հետևաբար, պետք է մշտապես աճող վիճակագրություն ցույց տալ։
Փաստացի, մինչ իրավապահ համակարգը լծված է քաղաքական ընդդիմախոսներին բերման ենթարկելով և կոռուպցիայի դեմ պայքարի համար վիճակագրություն ապահովելով, բարենպաստ պայմաններում Հայաստանում աճում է հանցագործությունների թիվը»։