Նիկոլ Փաշինյանը արդեն պարտվել է ու ինքը դա հասկանում է ․ Միհրդատ Մադաթյան
«Ի սկզբանե պարզ է, որ իշխանությունը հանրաքվեն էլ է դնում սեւ ու սպիտակի պայքարի քարոզչության վրա։ Նիկոլ Փաշինյանի ամպագոռգոռ ելույթը Ազգային Ժողովից, նրա օգտագործած բառապաշարը՝ «ծծել լավատեսությունը», «շնաբարո» եւ այլն,վկայում է, որ այս հանրաքվեն բոլորովին իրավական հիմքեր չունի եւ տեղի է ունենալու բացառապես ՍԴ դատավորներին հեռացնելու համար»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց հոգեբան, «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի հիմնադիր Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով սահմանադրական հանրաքվե անցկացնելու իշխանության նախաձեռնությանը։
Միհրդատ Մադաթյանը համոզմունք հայտնեց, որ որոշակի օրակարգեր կան, որոնց Սահմանադրական դատարանը, գործող կազմով դեմ է գնալու,ուստի իշխանությունը փորձում է այն դարձնել գրպանային։
«Եթե Սահմանադրական դատարանը լինի Նիկոլ Փաշինյանի գրպանի դատարանը, ապա իր նախատեսած պլանները ավելի հեշտ իրականություն կդառնան, ոչ թե իրավական առումով կհամաձայնեցվեն Սահմանադրության հետ»։
Անդրադառնալով այն մթնոլորտին, որի պայմաններում կարող է ընթանալ իշխանության ձեռնարկած հանրաքվեն եւ դիտարկմանը, թե արդյոք իր հայտարարություններով Փաշինյանը չի փորձում այսպես ասած հեղափոխական մթնոլորտը հետ վերադարձնել, հոգեբանը շեշտեց՝ Հայաստանն այդպես էլ չկարողացավ դուրս գալ ատելության մթնոլորտից, ուստի այն էլ առավել կսրվի։
«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը արդեն պարտվել է ու ինքը դա հասկանում է։ Հենց այդ պատճառով նա փորձում է նոր ժողովրդական բռնկումներ խթանել, որպեսզի ի ցույց դնի, որ ինքը դեռեւս ակտուալ է։ Այդ իսկ պատճառով նա համերգի կեսից անկիրթ կերպով, երբ երաժշտությունն արդեն հնչում էր, ուղիղ եթեր մտավ եւ խնդրեց, որպեսզի Սփյուռքից ժողովուրդ գա ու իրեն աջակցի»,-ասաց Միհրդատ Մադաթյանը։
Հոգեբանը ուշադրություն հրավիրեց այս հանգամանքի վրա՝ շեշտելով, որ եթե Հայաստանը լեգիտիմ իշխանություն ունի, որն այս 2 տարվա ընթացքում, ըստ վարչապետի, աննախադեպ հաջողությունների է հասել, Փաշինյանն ամենեւին Սփյուռքի կարիքը չպետք է զգար եւ հանրաքվեն պետք է անցներ այսպես ասած՝ հալած յուղի պես։
«Քանի որ նա լուրջ կասկածներ ունի, որ հանրաքվեում պարտվելու է եւ ՈՉ-ն ավելի մեծ թիվ է կազմելու, խնդրում է Սփյուռքում ապրող հայաստանաբնակներին գալ եւ մասնակցել»,-ասաց հոգեբանը՝ հավելելով, որ այդ կոչը, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի վախերի դրսեւորումն էր։