Երկրի բնակիչների կեսից ավելին դժգոհ է ժողովրդավարությունից. գիտնականներ
Բրիտանացի սոցիոլոգները մասշտաբային հարցում են անցկացրել 4 մլն մարդու շրջանում, որոնք բնակվում են աշխարհի տարբեր անկյուններում, եւ պարզել, որ Երկրի հարցված բնակիչների 57%-ը չի վստահում եւ չի հավատում իշխանության ժողովրդավարական ինստիտուտներին: Այս մասին հայտնել է Քեմբրիջի համալսարանի մամուլի ծառայությունը:
«Ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում անառողջ վիճակում է գտնվում: Մենք պարզել են, որ մարդկանց շրջանում վերջին տարիներին դժգոհությունն աճել է: Այժմ այն գլոբալ մակարդակի է հասել, հատկապես զարգացած երկրներում»,- պատմել է Քեմբրիջի համալսարանի քաղաքագետ Ռոբերտո Ֆոան:
Վերջին տարիներին քաղաքագետները մշտապես խոսում են ԱՄՆ-ում եւ այլ երկրների կարծիքների բեւեռացման աճի մասին, ինչի հետեւանքով միմյանց դեմ պայքարող քաղաքական ուժերի միջեւ համագործակցությունը գրեթե անհնար է դառնում:
Նրանք մեջբերել են օրինակներ՝ Դոնալդ Թրամփի, Բորիս Ջոնսոնի եւ բրեքզիթի աջակիցների հաղթանակները, ինչպես նաեւ Իսպանիայում եւ Հունաստանում խորհրդարանական ընտրությունների ձախական ուժերի հաջողությունները:
Անառողջ ժողովրդավարություն
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ժողովրդավարության ողջ ինստիտուտն այժմ ծայրահեղ վիճակում է գտնվում, ինչը հատկապես բնորոշ էր առաջին աշխարհի երկրների համար: Միջինում ժողովրդավարության վստահության մակարդակը նվազել է 10 տոկոսով՝ սկսած 1990-ականների կեսերից:
Այդ ցուցանիշը փոփոխվել է հատկապես ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում եւ առաջին աշխարհի շատ այլ երկրներում, որտեղ սառը պատերազմի ավարտից հետո բնակչության մոտ 75 տոկոսը հավատում էր ժողովրդավարությանն ու դրա գերակայությանը: Այդ ցուցանիշը 2005 թվականին նվազել է մինչեւ 60 տոկոս, ապա կրկին սկսել անկում ապրել՝ մինչեւ 43 տոկոս 2020 թվականին, ինչը կապված է ինչպես տնտեսական ճգնաժամների, այնպես էլ պատերազմների ու քաղաքական սկանդալների հետ:
Այդ առումով բացառությունները, բրիտանացի հետազոտողների խոսքով, քիչ են: Դրանց թվում են որոշ եվրոպական երկրներ, ինչպես օրինակ՝ Շվեյցարիա, Նորվեգիա եւ Նիդեռլանդներ, ինչպես նաեւ Հարավարեւելյան Ասիայի պետությունները:
«Այլ կերպ ասած, պոպուլիզմը ոչ թե պատճառն է, այլ այն ախտանիշը, որ ժողովրդավարությունն այժմ գտնվում է անառողջ վիճակում: Մարդիկ ավելի քիչ են հավատում, որ ժողովրդավարական ինստիտուտները կկարողանան լուծել մեր ժամանակների գլխավոր խնդիրները՝ սկսած տնտեսական ճգնաժամներից եւ վերջացրած գլոբալ տաքացմամբ: Դա պետք է փոխվի, եթե ժողովրդավարության կողմնակիցները ցանկանում են վերականգնել դրա նկատմամբ վստահությունը»,- եզրափակել է գիտնականը: