Ամենալավ ազգը լեննականցիք են. գյումրեցիները գլուխ գովելով՝ տոնում են «Շիրակի» հաղթանակը
Հայաստանի գավաթի 2016-2017 մրցաշրջանի խաղարկության եզրափակչում «Շիրակը» խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկին»:
Թիմը 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Հաշիվը 6-րդ րոպեին բացեց գյումրեցիների հարձակվող Կիրիան Նվաբուեզեն: 28-րդ րոպեին Վահան Բիչախչյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 38-րդ րոպեին Նվաբուեզեն իր հաշվին դուբլ ձեւակերպեց:
Հանդիպման 2-րդ խաղակեսում 2 թիմերն էլ ակտիվ էին եւ հաջողության հասնելու հնարավորություններ ունեցան, սակայն դարպասի նոր գրավում չարձանագրվեց: 0:3, եւ «Շիրակը» դարձավ Հայաստանի գավաթակիր:
Առաջին անգամ գյումրեցիները Հայաստանի գավաթակիր են դարձել 2011-2012 մրցաշրջանի խաղարկությունում: Այս հաղթանակը գյումրեցիների կողմից մեծ ոգեւորությամբ ընդունվեց, վերջիններս ֆեյսբուք սոցիալական ցանցում եւ Գյումրու փողոցներում չզսպեցին իրենց ոգեւորությունը:
Այսօր գյումրեցիների շրջանում նախ հետաքրվեցինք, թե արդյո՞ք տեղյակ են, թե նախորդ օրը «Շիրակը» որ թիմի հետ է մրցել:
«Ես ստադիոնից եմ խաղը նայել, շատ ուրախ եմ, որ մեր թիմը 3-0 հաղթեց «Փյունիկին»: Միշտ նոր հաղթանակներ եմ ցանկանում»,- ասաց մեր զրուցակիցը:
«Ճիշտն ասած չգիտեմ, թե ում հետ է խաղացել, բայց ֆեյսբուքում ընկերներս գրում էին, որ հաղթել է: Չեմ հիշում, թե ինչ հաշվով է կրել, բայց ուրախ եմ, որ մեր քաղաքի թիմը հաղթել է»,- ասաց գյումրեցի աղջիկներից մեկը:
Ընդգծենք, որ մեր զրուցակիցներից շատերը տեղյակ էին «Շիրակի» հաղթանակից:
«Ես ֆուտբոլ նայել չեմ սիրում, իմ ներվերի վրա ազդում է այդ խաղը, որ տանը նայում են: Դրա համար տեղյակ չեմ, թե ինչ է տեղի ունեցել»,- նշեց մեկ այլ քաղաքացի:
«Ես ֆուտբոլ նայում եմ այն ժամանակ, երբ մեր Հենոն է խաղում, մյուսների խաղը ինձ հետաքրքիր չէ: Գիտեմ, որ երեկ իր խաղն է եղել ու նա էլ է հաղթել, եթե ասում եք, որ Շիրակն էլ է հաղթել, ուրեմն շատ լավ է երկու հաղթանակ միանգամից»,- նման կարծիք հայտնեց մեր մյուս զրուցակիցը:
«Շիրակի» հաղթանակը, թերեւս առիթ է հանդիսացել, որ գյումրեցիները սովորության համաձայն սկսեն գլուխ գովել: Այս առումով կարծիքների պակաս չեղավ:
«Հա բայց լեննականցիք ուրդեղ չեն հաղթե կամ չեմպիոն դարձե, որ ֆուտբոլը չհաղթեին: Շիրակի, Հենոյի ցավն էլ տանինք, որ երեկ հաղթեցին, մենք ամենալավ ազգն ենք, հատկապես լեննականցիք»,- կատակելով եզրափակեց մեր զրուցակիցը:
Դավիթ Գասպարյան
Գյումրի