Անհեթեթ գներ բնակարանային շուկայում կամ ինչպես են հարստահարում հայաստանցիներին
Քիչ թե շատ նորմալ երկրներում բնակարանների, տների, առանձնատների գները որոշվում են առաջարկ-պահանջարկի հարաբերակցությամբ, իհարկե, հիմքում ունենալով դրանց որակական աստիճանը եւ բնակչության իրական եկամուտները, մեկ մարդու հաշվին ընկնող ՀՆԱ-ն եւ մի քանի այլ ցուցանիշներ:
Այս ամենը վերաբերում է քիչ, թե շատ նորմալ երկրներին: Հայաստանը որեւէ առումով քիչ, թե շատ նորմալ պետությունների շարքում չի տեղավորվում: Բնաքկարանների գներն այստեղ որեւէ կապ չունեն ժողովրդի իրական եկամուտների եւ տնտեսական իրավիճակի հետ:
Անհեթեթություն է, բայց փաստ. Երեւանում բնակարանները, այն էլ 30-40 տարի առաջ կառուցված պանելային շենքերում արժեն գրեթե այնքան, որքան Իսպանիայի կամ Հունաստանի նորակառույցներում: Հիմա հիշեք, թե որքան են վաստակում հույներն ու իսպանացիները եւ որքան հայերը:
Որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում նաեւ այն, որ աշխարհի զբոսաշրջային կենտրոններից մեկում՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում բնակարանների գները թանկանալուց հետո քառակուսի մետրի դիմաց հասել են 650-750 դոլարի: Այս գնով Երեւանում նորմալ տուն հնարավոր չէ գնել:
Ո՞վ է հարստահարում հայաստանցիներին, ո՞վքեր են որոշում անշարժ գույքի գները: Սրանք հարցեր են, որոնք անպայման պետք է պատասխաններ ստանան: Ով է արհեստականորեն գներ սահմանում, ով թույլ չի տալիս կամ ինչը թույլ չի տալիս նոր շենքեր եւ տներ կառուցել այնքան, որ մարդիկ կարողանան իրենց թույլ տալ տուն, առանձնատուն, բնակարան եւ հողատարածք գնեն տրամաբանությանը մոտ գնով:
Թուրքիայում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով 2018-ին կազմել է 28044 դոլար, իսկ Հայաստանի համապատասխան ցուցանիշը 10273 դոլար է: Ստացվում է, որ անշարժ գույքի գներն էլ Հայաստանում մոտ երկու անգամ պետք է ավելի էժան լինեն, բայց ոչ, գները նույնն են:
Ոմանք կշտապեն ասել, թե Թուրքիայում արտասահմանցիները անշարժ գույք ձեռք չեն բերում, բայց կսխալվեն, քանի որ գնում են, այն էլ բավական լայն թափով:
Ստացվում է, որ այստեղ եւս հայաստանցիները ինչ-որ «խելացի գործարարների» զոհերն են, որոնք հսկայական գումարներ են աշխատում շարքային քաղաքացիների հաշվին:
Հակոբ Ասատրյան
Top-News.am