Վարչապետի թաքուն եւ անհասկանալի ցավակցությունը Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ
ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ և ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համառոտ ցավակցական ուղերձը մի շարք լրատվամիջոցներում տեսնելուց հետո Sputnik Արմենիայի լրագրողները սկսեցին այն փնտրել վարչապետի և կառավարության պաշտոնական կայքէջերում, Facebook–ի էջերում։ Ստուգեցինք նաև խմբագրության պաշտոնական էլեկտրոնային հասցեն` կարծելով` միգուցե այդպես է տարածվել ցավակցական ուղերձի տեքստը։
Գեորգի Կուտոյանը դեկտեմբերին էլ է կրակել պատին. նոր մանրամասներ
Համոզվելուց հետո, որ տեքստը ո՛չ հրապարակվել է, ո՛չ էլ ուղարկվել` մեր թղթակիցը կապ հաստատեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ։ Ի պատասխան մեր հարցի, թե ինչպես է տարածվել ուղերձը, որտեղ կարող ենք այն կարդալ, պարզեցինք, որ ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձը տարածվում է «ըստ ցանկության»։
Այսինքն` ՀՀ վարչապետի ցավակցական ուղերձը ստացել են միայն այն ԶԼՄ–ները, որոնք հետաքրքրվել են դրանով։
Այդպես, առաջինը մեր գործընկեր 168.am-ն է ՀՀ կառավարության տեղեկատվության վարչությունից հետաքրքրվել, թե ինչու մինչև այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցավակցել ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: Թերթի հարցմանն ի պատասխան փոխանցվել է վարչապետի ցավակցական խոսքը.
«ՀՀ վարչապետը ցավում է յուրաքանչյուր քաղաքացու մահվան կապակցությամբ եւ ցավակցում է յուրաքանչյուր սգակիր ընտանիքի: ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ և ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին: Նաև երաշխավորում, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար»:
Հիշեցնենք, որ երեկ Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ են տարածել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ներկա և նախկին այլ պաշտոնյաներ։
Գեորգի Կուտոյանը ԱԱԾ ղեկավար էր նշանակվել 2016 թվականի փետրվարի 10-ին և պաշտոնավարել մինչև 2018 թվականի մայիսի 10-ը։ ՀՀ նախագահի հրամանագրով նա պաշտոնից ազատվել էր Նիկոլ Փաշինյանի` վարչապետ նշանակվելուց երկու օր անց։ Հիշեցնենք, որ Փաշինյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 2018 թվականի մայիսի 8-ին։