Մեղրին փոխանակելու հորինվածքի ակունքները
2008թ. նախագահական ընտրությունները եւ հատկապես մարտի 1-ի ողբերգական եւ արյունալի իրադարձությունները բազմաթիվ շահարկումների, ինչպես նաեւ քննարկումների նյութ են դարձել եւ շարունակում են մնալ հանրային օրակարգում: Ավելին, նույն շահարկումների հետեւանքով այսօր ազատությունից զրկված է Ռոբերտ Քոչարյանը, քրեական գործեր են հարուցված այս երկրի համար հսկայական ներդրում ունեցած մարդկանց դեմ:
Այս իրողությունները հուշում են եւս մեկ անգամ անդրադառնալ 2008-ի ընտրություններին, նախընտրական եւ հետընտրական զարգացումներին, այս անգամ արդեն շեշտը դնելով օտար աղբյուրների, մասնավորապես Վիկիլիքսի հրապարակումների վրա:
Ամերիկացիները, ամերիկյան իշխանությունները եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը մեծ ուշադրությամբ հետեւել են նախընտրական եւ հետընտրական զարգացումներին, փորձելով հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում եւ ինչպիսին են եղել ընտրությունների իրական արդյունքները:
Դեռ 2007-ի նոյեմբերի վերջերին ամերիկացիները, ըստ Վիկիլիքսի հրապարակումների, քիչ հավանական են համարել Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը թե ընտրություններում, թե հնարավոր փողոցային պայքարում:
Անչափ ուշագրավ է մեկ այլ հանգամանք: ԱՄՆ դեսպանության եւ պետքարտուղարության նամակագրությունից հայտնի է դառնում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այն ժամանակ Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Փերինային հրավիրել է իր մոտ եւ տեսակետներ հայտնել Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ, խնդրելով դրանք հասցնել հատուկ դեսպան Մեթյու Բրայզային:
Լեւոն Տեր-Պետրոսյանն, ըստ ամերիկացիների, առաջարկել է ունենալ մեկ պաշտոնական փաստաթուղթ, որը կամփոփեր, թե ԼՂ բանակցային գործընթացում ինչ արդյունքներ են գրանցվել Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում։ Նա առաջարկում էր, որ Մինսկի խմբի համանախագահները հրապարակեին հակամարտության կարգավորման պլան, որտեղ կներկայացվեին մինչ այժմ համաձայնեցված բոլոր հանգամանքները։
Ընդ որում, Տեր-Պետրոսյանը խնդրել է, որ առաջարկը չներկայացվի որպես իրենը, այդ հանգամանքը գաղտնի պահվի եւ ներկայացվի ամերիկյան համանախագահի անունից։
Բնականաբար ամերիկացիները շատ շուտ կռահել են Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնական մտադրությունը, ընդգծելով, որ քարոզարշավի ժամանակ Տեր-Պետրոսյանը պատրաստվում է հայտարարել, թե ԼՂ հարցը քննարկել է ամերիկյան կողմի հետ, այդ կերպ ցույց տալով, որ լուրջ այլընտրանք է Սերժ Սարգսյանին, եւ եթե զբաղեցնի նախագահի պաշտոնը, այդ ժամանակ էլ կընդգծի, որ Քոչարյանը շատ ավելի վատ փաստաթղթի շուրջ է բանակցել, քան ինքը մինչ 1998թ.:
Այս ամենի մասին խոսելը, գրելը ցավալի է եւ ծանր, բայց իրականությունն այսպիսին է: Նույնիսկ ամերիկացիները, ամերիկյան դիվանագետները ֆիքսել են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը նպատակ է ունեցել մարդկանց տրամադրել արցախցիների դեմ, շահարկելով Լաչինը Մեղրիի հետ փոխանակելու թեման:
Ահա թե որտեղից ծնվեցին եւ տարածվեցին Մեղրին հանձնելու, Մեղրին Լաչինով փոխարինելու ստահոդ տեղեկությունները: Ափսոս միայն, որ ժամանակին այս սուտ լուրերին համարժեք եւ համապատասխան արձագանք չտրվեց, ինչը նպաստեց նրան, որ շատերը սկսեցին հավատալ այս հորինվածքներին:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am