Եթե Դավութօղլուն խոսի, Թուրքիայի պատմությունը կվերաշարադրվի. Էթյեն Մահչուփյան
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հիմնած «Ապագա» կուսակցության գործադիր խորհրդի անդամ, հայազգի Էթյեն Մահչուփյանը հայտարարել է, որ եթե Ահմեդ Դավութօղլուն պատմի այն ամենը, ինչ գիտի, Թուրքիայի պատմությունը նորից կգրվի: Այս մասին տեղեկացնում է Gazete duvar պարբերականը:
«Եթե Ահմեդ Դավութօղլուն պատմի այն ամենը, ինչ գիտի ու ինչի միջով է անցել, ապա մեր ոչ վաղ անցյալի պատմությունը կվերաշարադրվի: Ես գիտեմ դա, որովհետև լսել եմ որոշ բաներ, սակայն պատմելն իմ գործը չէ»,-ասել է հայազգի գործիչը:
Մահչուփյանը նշել է նաև, որ ներկայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կախվածությունն «Ազգայնական շարժում» կուսակցությունից ավելի շատ է, քան այս կուսակցության կախվածությունը նախագահից:
«Այս իրավիճակում, երբ Էրդողանը միայնակ է և աշխատում է նման անտաղանդ թիմի հետ, նա ամեն ինչ իր իմացածի պես է անելու: Չպետք է մոռանանք նաև իր գործնկերոջը («Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիին): Էրդողանն այլևս ունակ չէ միայնակ որոշումներ կայացնելու»,-հայտարարել է Մահչուփյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Դավութօղլուի նորաստեղծ կուսակցության համահիմնադիրների ցանկում է նաև հայազգի լրագրող Էթյեն Մահչուփյանը, որը տևական ժամանակ զբաղեցրել է այն ժամանակ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդականի պաշտոնը: