Ալեքսեյ Ուլյուկաեւին վերջնական մեղադրանք են առաջադրել
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւին, որին մեղադրում են խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ, վերջնական մեղադրանք է առաջադրվել, հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, փոխանցում է Lenta-ն։
«Ալեքսեյ Ուլյուկաեւին վերջնական խմբագրմամբ մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 290 հոդվածի 6 մասով նախատեսված հանցագործության համար (պետական պաշտոն զբաղեցնող անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառքի ստացում)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Քննության վարկածով չինովնիկը ապօրինաբար «Ռոսնեֆտ» ընկերության ներկայացուցչից պահանջել է կաշառք՝ «Բաշնեվտ»-ի բաժնետոմսերի պետական փաթեթի ձեռքբերման գործարքի վերաբերյալ դրական եզրակացության դիմաց։
Ուլյուկաեւը ձերբակալվել է 2016-ի նոյեմբերի 15-ին, որից հետո նախագահը նրան պաշտոնանկ է արել։