«Իսլամական պետությունը» ստանձնել է Մանչեսթերի ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ստանձնել է մայիսի 22-ի երեկոյան բրիտանական Մանչեսթեր քաղաքի մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:
Ինչպես նշում է Reuters-ը, իսլամիստները Telegram հավելվածում տարածած հայտարարությունում մանրամասնել են, որ ահաբեկչությունն իրականացվել է պայթուցիկ սարքի միջոցով:
«Խալիֆայության զինվորներից մեկին հաջողվել է պայթուցիկը տեղադրել Մանչեսթեր քաղաքում խաչակիրների հավաքի վայրում»,-նշվում է ԻՊ հայտարարությունում:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը պարզել է «Մանչեսթեր Արենա» մարզահամերգային համալիրում ահաբեկչություն իրականացրած մահապարտի ինքնությունը, բայց այժմ՝ հետաքննության ներկայիս փուլում, դեռ չի պատրաստվում հրապարակել նրա անունը:
Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ ոստիկանությունը կարծում է՝ ահաբեկչությունը մի հոգի է իրականացրել, բայց այժմ փորձում է պարզել, թե արդյոք նա գործել է միայնակ:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան Մանչեսթերի մարզահամերգային համալիրում, որտեղ ընթացել է ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, տեղի է ունեցել պայթյուն՝ խլելով 22 մարդու կյանք:
Հայտնի է, որ պայթյունը որոտացել է համերգի վերջում, ինչից հետո 21.000 մարդ տեղավորող մարզադաշտում խուճապ է սկսվել: