Ցուկերբերգը կանխատեսում է արել առաջիկա տասնամյակի համար
Ամերիկյան Facebook կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը պատմել է, թե ինչ փոփոխություններ են սպասվում աշխարհին առաջիկա տասնամյակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նրա կարծիքով՝ մինչեւ 2030 թվականը կհայտնվի տեխնոլոգիա, որը կստեղծի հավելյալ եւ վիրտուալ իրականություն: Այն մոլորակի բնակիչներին թույլ կտա զգալ այլ մարդու կողքին անկախ նրանից, թե նա որտեղ է գտնվում: Բացի այդ, կհաջողվի կանխել եւ բուժել բավարար թվով հիվանդություններ՝ կյանքի միջին տեւողությունը 2,5 տարով երկարացնելու համար՝ կարծում է Ցուկերբերգը:
Ցուկերբերգի կանխատեսմամբ՝ նոր տասնամյակում կստեղծվի մասնավոր սոցիալական հարթակ, որը կթիրախավորի միջանձնային փոխհարաբերություններն ու կմիավորի ոչ մեծ համայնքների: Նա նշել է, որ ինտերնետը մարդկությանը «սուպերուժ» է տվել՝ հնարավորություն շփվել ցանկացածի հետ եւ ցանկացած վայրում: Սակայն դրա հետ մեկտեղ մարդիկ կորցրել են մտերմության զգացումն ու սեփական դերի գիտակցումը: Նոր սոցիալական հարթակը կփորձի լուծել այդ խնդիրները:
Գործարարը նաեւ կարծիք է հայտնել, որ ապագայում հնարավորությունների ապակենտրոնացում տեղի կունենա, եւ փոքր բիզնեսը հասանելիություն կստանա տեխնոլոգիաների նկատմամբ, որոնք այժմ օգտագործում են խոշոր խաղացողները:
Ցուկերբերգը նաեւ հիշատակել է խոշոր թվային հանրույթները կառավարելու խնդիրները եւ դրա հետ կապված խոսքի ազատության եւ տվյալների գաղտնիության մասին հարցերը:
«Հազվադեպ է հնարավոր գտնել հստակ «ճիշտ» պատասխան, եւ մեծամասամբ դա նույնքան կարեւոր է, որքան եւ կայացրած որոշումների լեգիտիմությունը»,-ասվում է գրառման մեջ:
Ինչպես համարում է Ցուկերբերգը, կառավարությանն անհրաժեշտ է հաստատել ավելի հստակ կանոններ վնասակար տեղեկատվության, պահպանման եւ տվյալների տեղափոխման վերաբերյալ: Նրա կարծիքով՝ այդ խնդիրների լուծմանը նաեւ կնպաստի կառավարման նոր մեթոդը, որի միջոցով կարելի է բողոքարկել վիճելի կոնտենտի շուրջ որոշումները:
«Այս տասնամյակում մենք պետք է շատ գործ անենք եւ նոր գիտելիքներ ստանանք մեր մտահղացումն իրագործելու համար»,-ամփոփել է Ցուկերբերգը: