«Ոմանք մեջտեղից պատռվեն էլ, միևնույն է` Ստամբուլի ջրանցքը կառուցելու ենք». թուրք նախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն անդրադարձել է Ստամբուլի ջրանցքի կառուցման ծրագրին: Այս մասին տեղեկացնում է mezopotamyaajansi.com կայքը:
Ստամբուլյան ջրանցքի նախագիծը ստեղծվել է 16-րդ դարում, Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյման Առաջին Կանունիի օրոք:
Սոյլուն հայտարարել է, որ 2011 թվականին իրենց ժողովուրդը որոշել է կառուցել ջրանցքը:
«Ոմանք մեջտեղից պատռվեն էլ, պայթեն էլ (ակնարկել է Մոնտրյոյի կոնվենցիան ստորագրած երկրներին), մենք կառուցելու ենք Ստամբուլի ջրանցքը: 2020 թվականին մենք վճռական ենք լինելու: Ես հուսով եմ, որ 2023 թվականին մենք ռազմավարական մեծ ուժ կդառնանք»,-նշել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր նշել, որ անկախ ամեն ինչից` ջրանցքը կառուցվելու է:
Ջրանցքի նախագիծը սուլթան Սուլեյմանը հանձնարարել էր հայազգի ճարտարապետ Միմար Սինանին, բայց այն չէր իրագործվել` ռազմական ծախսերի և գանձարանը դատարկվելու պատճառով:
Թուրքիան Ստամբուլի ջրանցքի կառուցման անհրաժեշտությունը բացատրում է Բոսֆորի նեղուցի ծանրաբեռնվածության թեթևացմամբ և վթարների ռիսկի նվազեցմամբ:
Թուրքիայի հարևան երկրներում մտահոգված են, որ ջրանցքի կառուցումից հետո Թուրքիան կարող է բարձրացնել Մոնտրյոյի կոնվենցիայի վերանայման հարցը: Կոնվենցիան համակարգում է պատերազմական և խաղաղ ժամանակ առևտրային նավերի և ռազմանավերի անցումը Սև ծովի նեղուցներով: