Դավիթ Խաժակյանն ավագանու աշխատող և գործընթացներն իր վերահսկողության տակ պահող քիչ անդամներից մեկն է
Ես հույս ունեմ, որ Երևանի ավագանուց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին հետ կանչելու որոշում չի կայացվի: Դա ավագանու համար մեծ կորուստ կլինի, քանի որ Խաժակյանն ավագանու աշխատող և գործընթացներն իր վերահսկողության տակ պահող քիչ անդամներից մեկն է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցերի շուրջ քննարկումներին:
Բաբայանն առանձնացրեց երկու հանգամանք, որոնք, իր կարծիքով, կարող են Խաժակյանին ավագանուց հետ կանչելու պատճառ լինել՝ կուսակցական վերադասավորումներ կամ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն-իշխանություններ համագործակցություն:
«Ես իշխանությունների և «Լուսավոր Հայաստան» կուսակցության որոշակի համագործակցության ռիսկեր եմ տեսնում: «Լուսավոր Հայաստանը» պետք է կարողանա մտածող հանրությանը համոզել, որ Խաժակյանի հետկանչի վերաբերյալ քննարկումները որևէ կերպ կապված չեն ինչ-որ ներքին պայմանավորվածության հետ, հակառակ դեպքում մենք «օդում կախված» կամ էլ ինչ-որ չափով որոշակի փաստարկված կարծիք կունենանք, որ «Լուսավոր Հայաստանը» իշխանության հետ որոշակի գործարքի է գնացել»,-ասաց Բաբայանը՝ հույս հայտնելով, որ այդպիսի բան տեղի չի ունեցել և չի էլ ունենա ապագայում:
Նա հիշեցրեց՝ Դավիթ Խաժակյանի՝ ավագանու վերջին նիստում ունեցած ելույթը հանցագործության մասին հաղորդում էր պարունակում:
«Եթե իշխանության և «Լուսավոր Հայաստանի» միջև համագործակցություն է եղել, հավանաբար, Դավիթ Խաժակյանը մի փոքր ավելի է առաջ գնացել, քան կարող էին կանխատեսել իշխանությունները, մասնավորապես՝ քաղաքային իշխանությունները»,-ասաց Բաբայանը՝ նշելով, որ, ամեն դեպքում, Խաժակյանի կողմից ներկայացված փաստաթղթերն արդեն դարձել են հանրության սեփականությունը, և եթե նրան անգամ հետ կանչեն ավագանուց, քաղաքացիական հասարակությունը պետք է մինչև վերջ կանգնի ներկայացված իրողությունն ապացուցելու ճանապարհին: