Ձախողումները, տապալումները, սխալները եւ թերություններն անխուսափելի են․ Արթուր Ղազինյան
Իշխանափոխությունից 1,5 տարի անց Հայաստանի նոր իշխանությունները դեռեւս չեն կարողացել հասկանալ, ընկալել կառավարման կարեւորագույն գործառույթների իրականացման տրամաբանությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։
«Կառավարման գործընթացն իրականացվում է երեք հիմնական կոմպոնենտով՝ կազմակերպում, ղեկավարում, համակարգում։ Այսօր իշխանության բարձրագույն օղակներում գտնվող մարդիկ չունեն այս բաղադրիչների գոնե նվազագույն փորձառություն եւ գիտելիքներ, հետեւաբար ձախողումները, տապալումները, սխալները եւ թերություններն անխուսափելի են»,-ասաց նա:
Ղազինյանն անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին կառավարության նիստում․
«Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի կարողանում ստանալ իր համար կարեւոր տեղեկատվություն: Եթե սա բացենք մեր քաղաքացիների համար, ապա դա նշանակում է, որ երկրում օպերատիվ կառավարում չի իրականացվում: Եթե պետության ղեկավարը չի կարողանում ստանալ իր համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա ինչ տեղեկատվություն է փոխանցում մեր քաղաքացիներին՝ խոսելով անդադար, շատ եւ երկար տարբեր հարցերի վերաբերյալ: Սա նաեւ տեղեկատվական անվտանգության խնդիր է, որ պետության ղեկավարը պետք է լինի համալիր, համապարփակ, ամբողջական տեղեկացված Հայաստանի ներսում եւ Հայաստանի հետ կապված Հայաստանից դուրս ընթացող գործընթացների վերաբերյալ»:
Բացի այդ, նրա խոսքով, մեր երկրում գոյություն ունի օպերատիվ կառավարման ճգնաժամ․ «Այսօրվա կառավարությունը չունի հնարավորություն ոչ տեսական, ոչ գործնական, լուծելու առկա խնդիրները, նաեւ չունի հնարավորություն կառավարելու այդ խնդիրները: Այսօր մեր երկրում գոյություն ունի օպերատիվ կառավարման ճգնաժամ, Հայաստանի Հանրապետությունը չի կառավարվում: Գնահատականները միգուցե սուր են, բայց դա օբյեկտիվ են եւ արտացոլում են այն պատկերը, որը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը իր հայտնի պոռթկումի ժամանակ՝ նաեւ նշելով, որ կառավարությունից ստանում են փաստաթղթեր, որոնք չեն հասկանում, թե որերորդ դասարանի աշակերտն է գրել։ Ուզում եմ տեղեկացնեմ քաղաքացիներին, որ կառավարություն գրությունները գնում են բացառապես նախարարի կամ առաջին տեղակալի, տեղակալի կամ պաշտոնակատարի կողմից: Հիմա Նիկոլ Փաշինյանը, կարծում եմ, պետք է պարզաբանի, թե կոնկրետ որ նախարարին նկատի ուներ եւ ում էր կարծում՝ չգիտեմ որերորդ դասարանի աշակերտ»։
Խոսելով դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին, նա նշեց, որ այս տարին բավականին հագեցած էր իրավական անվտանգությանն ուղղված սպառնալիքներով: Ա. Ղազինյանը հիշեցրեց դատարանների շենքերը շրջափակելու Նիկոլ Փաշինյանի կոչի մասին, խոսեց դատական իշխանության նկատմամբ հարձակումների, այսօրվա իշխանության կողմից ՍԴ-ի նկատմամբ թիրախավորված քաղաքական հարձակումների մասին:
«Գործող իշխանությունները դատական համակարգն ընդունեցին որպես քաղաքական ինստիտուտ եւ որոշեցին ստուգել դատական համակարգի քաղաքական վստահելիության աստիճանը: Դա խորը մոլորություն է, որովհետեւ դատական համակարգը մասնագիտական կառույց է, դրանց վստահության աստիճանը չափվում է բացառապես նրանց վարույթում գտնվող գործերի ծավալով, քանակով, դատավարությունների գործընթացին մասնակցող սուբյեկտների թվով: Կարող եմ ասել, որ դատավորները գերծանրաբեռնված են: Եթե դատական համակարգի նկատմամբ չկա վստահություն, ապա մարդիկ չեն դիմում դատական համակարգին»,- ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարը:
Ա. Ղազինյանի խոսքով, իրենց կուսակցությունը հայտարարել էր, որ պետք է օր առաջ սկսել իրավական անվտանգության համապարփակ հայեցակարգի մշակում, ինչի ուղղությամբ իրենք արել են որոշակի աշխատանքներ, իրավաբանական հանրույթի հետ ունեցել են լուրջ քննարկումներ, անելիքների վերաբերյալ ունեն կոնկրետ եզրակացություններ:
«Հայաստանում ներկայումս ընթանում է պայքար իրավական պետության դեմ՝ քաղաքական առաջնահերթություններն ու գերակայությունները դարձնելով ուղենշային դատական համակարգը նվաճելու գործում որոշ հաջողություններով եւ որոշ խնդիրներով»,- ասաց Արթուր Ղազինյանը: