Գագիկ Ծառուկյանի դեպքում շենքի նախագծման թույլտվությունը շինթույլտվության հիմք չէ, Տերյան 5 շենքի դեպքում՝ հի՞մք է. Դավիթ Խաժակյան
Երևանի քաղաքապետ Հայկ Մարության իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ընթացքում ցույց է տվել Տերյան 5 շենքի ոչ թե շինթույլտվությունը, այլ՝ նախագծման թույլտվությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Նախագծման թույլտվության մեջ տրված էր հարկայնությունը, և 9-րդ կետով գրված էր, որ 11 հարկի շինթույլտվությունից և կառուցապատումից հետո հնարավոր է վերանայել հարկայնությունը՝ կախված տեղում այդ 11 հարկանի շենքի ընկալումից: Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2018թ.-ին տվել է 11 հարկի շինթույլտվություն: Այդ շինթույլտվության հիման վրա հնարավոր չէր կառուցել 16 հարկ: Հայկ Մարությանը հոկտեմբերի 22-ին տալիս է նոր շինթույլտվություն՝ 5 հարկ ավելի, մինչդեռ, հաշվի առնելով մայրաքաղաքի կենտրոնում ծանրաբեռնվածությունը, այդ 5 հարկի շինթույլտվությունը կարող էր չտալ՝ ելնելով հենց նախագծման թույլտվությունից»,-պարզաբանեց Խաժակյանը:
Վերջինս անդրադարձավ նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ներկայացրած փաստաթղթին, թե Աբովյան 5 հասցեում հյուրանոց կառուցելու համար Մարությանը շինթույլտվություն է տվել, ապա հիշեցրեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի՝ երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում արված հայտարարությունը, թե շենքի նախագծման թույլտվությունը դեռևս շինթույլտվություն չէ:
«Այժմ ինչպե՞ս է ստացվում, որ մի դեպքում քաղաքապետարանը հղում է անում, թե Տարոն Մարգարյանը նախագծման թույլտվություն տվել է, մյուս դեպքում ասում է՝ նախագծման թույլտվությունը շինթույլտվության համար հիմք չէ: Իրականում՝ այո, նախագծման թույլտվությունը նախապայման է, բայց պայմանը դրված է եղել Տերյան 5-ում 11 հարկ կառուցել, հետո վերանայվել: Մարությանն ակնհայտորեն սեփական նախաձեռնությամբ այդ վերանայումն իրականացրել է և տվել է 5 հարկ ավելի»,-ասաց Խաժակյանն՝ ընդգծելով նաև, թե Մարությանն իր որևէ ելույթում չի հերքել, որ Գագիկ Խաչատրյանի ընտանիքը պատրաստվում է քաղաքին նվիրաբերել բեռնատարների պարկ: