Պրոֆեսիոնալների բացակայության հետեւանքները
Անկախ հարցի եւ պատասխանի որակից միլանյան հանդիպումը սկանդալային ստացվեց. ինչպես է ադրբեջանցուն հաջողվում հայտնվել մի վայրում, մի փակ տարածքում, որտեղ գտնվում է Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան: Հիմա սա է ամենակարեւոր հարցը, որը պետք է հստակ եւ ոչ պոպուլիստական պատասխան ստանա:
Հիշեցնենք, որ ավելի քան մեկ ամիս առաջ, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, առանց լուրջ հիմնավորման, առանց բացատրության Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովը ազատվեց պաշտոնից:
Երեկ մենք բոլորս, անկախ մեր քաղաքական հայացքներից եւ դիրքորոշումից ականատես եղանք, թե ինչպիսինն է վարչապետի անվտանգությունն ապահովող համակարգը, եւ որքան է այն խոցելի դարձել: Անվտանգությունն ապահովված չի եղել։ Սա փաստ է։
Երբ գործից ազատվում են պրոֆեսիոնալները, իրենց գործին տիրապետողները լինում է հենց այսպես: Ցանկացած ոլորտում է լինում այդպես։
Ինչպի՞սին է մեր մյուս ոլորտներում եւ ճյուղերում առկա վիճակը՝ շատերի համար գուցե տեսանելի չէ, բայց երեկվա փաստը հետեւությունների տեղիք է տալիս։ Վարչապետի անվտանգությունը տեսանք։ Իսկ ի՞նչ վիճակում է պետության, մեր բոլորի անվտանգությունը։
Երբ բանակ ստեղծած գեներալների վրա քրեական գործեր են կարում, երբ հաղթած բանակի սպաներին կանչում են դասալիքների ԱԺ–ի «ապրիյանի հանձնաժողով», ապա կարելի է պատկերացնել այս ամենի ամբողջ նեգատիվ ազդեցությունը բանակի վրա, մարտունակության վրա, մեր բոլորի վրա։
Երբ պատերազմում հաղթած նախագահը, իսկ հետո 10 տարի խաղաղություն պարտադրած նախագահը բանտում է, կարելի է ենթադրել թե անվտանգության ինչ կորուստներ ունի մեր երկիրը։ Չասեք սա PR է, ոչ. սա երեկվա միջադեպի ուղիղ շարունակությունն է։ Տարբերությունը միայն մասշտաբների մեջ է։
Երբ 1.5 տարվում պետական համակարգից հեռացվեցին փորձ եւ գիտելիք ունեցող մարդիկ, իսկ տեղավորվեցին քայլարածները, ապա կարելի է մեծ վստահությամբ ենթադրել, թե ինչ որակական անկում կա պետական կառավարման համակարգում։ Այն, ինչը մենք ամեն օր մեր աչքով տեսնում ենք։
Դիլետանտությունը խժռել է մեր երկրի բոլոր ոլորտները, բոլոր ճյուղերը: Մի տեղ դա տեսանելի է բոլորին, մյուս տեղերում այս կամ այն պատճառներով՝ ոչ բոլորին, բայց այս ամենը, հատկապես Միլանում տեղի ունեցածն ահազանգ է մեզ բոլորիս, որ վերջապես սթափվենք։ Մեկ մարդու անհասկանալի որոշումներով պետություն չի կառավարվում։ Դա վտանգավոր է բոլորի համար՝ թե կոնկրետ մարդու, թե պետության։
Գեղամ Նազարյան
Top-News.am