Արդարադատության նախարարությունը ցանկանում է նախարարին ու ՔԿԾ պետին մեդալ ու պարգևատրումներ տալու լիազորությամբ օժտել. նախագիծ
Արդարադատության նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, համաձայն որի՝ ցանկանում է նախարարին և քրեակատարողական ծառայության պետին օժտել մեդալով, կրծքանշանով և քրեակատարողական ծառայության պատվոգրով պարգևատրելու լիազորությամբ:
Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից:
«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում նշվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը չունի գերատեսչական մեդալներ և քրեակատարողական ծառայության պատվոգրով պարգևատրում խրախուսանքի տեսակները՝ մշակվել է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով հնարավորություն կստեղծվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և քրեակատարողական ծառայության պետին օժտել մեդալով, կրծքանշանով և քրեակատարողական ծառայության պատվոգրով պարգևատրելու լիազորությամբ՝ այդպիսով ապահովելով նաև քրեակատարողական ծառայողների համար նախատեսված խրախուսանքի տեսակները զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց տրվող խրախուսանքի տեսակներին համապատասխանությունը ու դրանց միատեսակությունը»։
Որպես հիմնավորում նշվում է, որ նախագծով նախատեսված խրախուսանքի տեսակների ավելացումը լրացուցիչ խթան կհանդիսանա ծառայողական պարտականություններն առավել հմտորեն, բարեխիղճ և պատշաճ ձևով կատարելու, ինչպես նաև դրա արդյունքում գնահատված լինելու համար, միաժամանակ հնարավոր կլինի ըստ արժանվույն գնահատել ու խրախուսել ծառայողական և մասնագիտական պարտականությունները պատշաճ կատարած աշխատակիցներին` դրանով իսկ հասարակությունում բարձրացնելով քրեակատարողական ծառայության դերը: