Չինաստանի բնակիչը գլխի վնասվածք ստանալուց հետո չի ծերանում և 6-ամյա երեխայի տեսք ունի
Չինաստանի Սյանտաո քաղաքի 34-ամյա բնակիչ Չժու Շենկայը մանուկ հասակում գլխի վնասվածք է ստացել, ինչի հետևանքով դադարել է նրա աճը: Տղամարդը չի ծերանում և ունի երեխայի տեսք: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ 6 տարեկան հասակում Շենկայը գլխի հատվածում ծանր վնասվածք է ստացել, որից հետո ունեցել է բարձր ջերմություն: Բժիշկները նրա գլխուղեղի վրա հայտնաբերել են արյան մակարդուկ և նրան վիրահատել են:
Որոշ ժամանակ անց ծնողները նկատել են, որ տղայի արտաքինի մեջ փոփոխություններ տեղի չեն ունենում: Ուսումնասիրություններից հետո մասնագետները պարզաբանել են, որ երեխայի մոտ վնասվել է հիպոֆիզը` ներզատական գեղձը և նրա աճը կանգ է առել: Այժմ էլ Շենկայը ֆիզիկապես նման է 6-ամյա երեխայի:
«Ես չեմ կարողանում ծերանալ»,- տխրությամբ նշել է նա` հավելելով, որ, հետևաբար, չի կարողանում նաև ամուսնանալ և ընտանիք կազմել: Նա պատմել է, որ մարդիկ կարծում են, թե ինքը երեխա է իր արտաքին տեսքի և ձայնի պատճառով, որը նույնպես չի փոխվել:
«Ընկերներս ու բարեկամներս կծերանան, կնճիռներ կունենա, իսկ ես կմնամ հավերժ երիտասարդ` այս անմեղ, մանկական դեմքով»,- կատակել է նա: