Վենետիկի հանձնաժողովի պատասխանը Նիկոլ Փաշինյանի քայլերին
Հայաստանյան առողջ հանրությունը, անկախ մասնագետները ջանք ու եռանդ չէին խնայում իշխանություններին հորդորելու, որ դադարացնեն ամեն գնով Սահմանադրական դատարանն իրենցով անելու գործողությունները, վերջ տան ՍԴ անդամներին պարտադիր թոշակի ուղարկեու մտքից, Հրայր Թովմասյանի վրա ճնշումներ գործադրելու քայլերից:
Հիմա գործը հասավ նրան, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն ստիպված եղավ այդ մասին բարձրաձայնել, ինչը աննախադեպ է միջազգային պրակտիկայում: Տեսմելով, որ տողատակերով, դիվանագիտական լեզվով ՀՀ իշխանություններն իրենց չեն հասկանում, Բուքիքիոն անցավ ավելի պարզ լեզվի:
Իսկ որքան մեծ հույսեր էին կապում գործող իշխանությունները Վենետիկի հանձնաժողովի հետ, անգամ լուրեր տարածելով, թե իրենք գործարքի են գնում նրանց հետ, եւ որ ՍԴ-ի հարցում փոխհամաձայնություն կա:
Պարզվեց, որ ոչ մի փոխհամաձայնություն էլ չկա, պարզվեց, որ Վենետիկի հանձնաժողովը, մեղմ ասած, չի կիսում ՍԴ-ի հարցում ՀՀ իշխանությունների մոտեցումները: Եւ հիմա Վենետիկի հանձնաժողովը ՀՀ իշխանությւոններին ասում է՝ հանգիստ նստեք տեղներդ:
Իհարկե, սա մեր երկրի ամոթն է, սա անկախ պետությանը պատիվ չի բերում, որ գործըւ հասնում է նրան, որ միջազգային կառույցն այսքան ուղիղ միջամտում է մեր երկրի ներքին գործերին: Ստիպված է միջամտում, քանի որ իշխանությունների գործողություններն արդեն անցան բոլոր սահմանները:
Վենետիկի հանձնաժողովը միշտ քննադատաբար է վերաբերվել դատավորների հարկադիր կենսաթոշակի անցմանը, ասում է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն, հույսով, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները այլեւս չեն մեկնաբանի կամ խեղաթյուրի իր եւ իր գլխավորած կառույցի հայտարարությունները:
Բոլորովին լավ չէ, երբ Վենետիկի հանձնաժողովը ՀՀ իշխանությւոններին զսպվածության կոչ է անում եւ բացատրում, թե գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների գործառույթը որն է:
Մնում է հույս հայտնել, որ Բուքիքիոյի հայտարարությունից հետո ՀՀ իշխանությունները կանգ կառնեն եւ կվերադառնան իրականություն, փորձելով զբաղվել իրենց բուն գործառույթներով եւ այլեւս Հրայր Թովմասյանի կյանքն ու գործունեությունը, նրա սանիկների անցած ճանապարհը մանրադիտակի տակ չեն ուսումնասիրի:
Վարդան Մխիթարյան
Top-News.am