«Ժողովրդի ծառաները» պետք է ստուգում անցնեն ստի դետեկտորի միջոցով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ճապոնիայում գտնվելու ժամանակ արձագանքել է Ուկրաինայի գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորների կողմից կաշառքի դիմաց օրինագծերից մեկին կողմ քվեարկելու դեպքի հետ կապված սկանդալին, տեղեկացնում է korrespondent.net կայքը:
«Ֆինանսների հարցով խորհրդարանական հանձնաժողովի բոլոր անդամները պետք է ստուգում անցնեն ստի դետեկտորի միջոցով՝ կապված «Ժողովրդի ծառաների» հնարավոր կաշառք ստանալու տեղեկատվության հետ»,-գրել է Զելենսկին իր ֆեյսբուքյան էջում:
«Եթե այդ ստուգման արդյունքում բացահայտվի, որ նույնիսկ փոքր հավանականություն կա հանձնաժողովի անդամներից ինչ-որ մեկի՝ ձայնի դիմաց գումար վերցնելու հարցում, այդ պատգամավորով կզբաղվեն հակակոռուպցիոն մարմինները: Արդար հետաքննությունը պետք է բոլոր հարցերին պատասխան տա՝ որքան էլ այդ պատասխանները դառը լինեն»,-նշել է նախագահը:
Զելենսկին նշել է նաև, որ ինքը տեղյակ է բոլոր իրադարձություններից և թույլ չի տա, որ խմբակցությունից ինչ-որ մեկը ստվեր գցի այն քաղաքական ուժի վրա, որը ստացել է Ուկրաինայի ժողովրդի մեծամասնության վստահությունը:
Նախագահը վստահեցրել է, որ եթե կասկածները հաստատվեն, այդպիսի պատգամավորներին իրենք հրաժեշտ կտան:
«Ինձ թվում է՝ մեխանիզմը շատ պարզ ու թափանցիկ է: Եվ հենց այդ պատճառով էլ շատ ավելի լավ տարբերակ է, քան հարաբերություններ պարզելը սոցիալական ցանցերով կամ թելեգրամ-ալիքներով: Մենք ընտրությունների գնացինք «Անենք դա միասին» կարգախոսով: Ես հավատացել եմ և շարունակում եմ հավատալ այդ կարգախոսի ամեն մի բառին, միասին՝ ուրեմն միասին: Միասին անել և միասին պատասխանել: Առանց փորձելու մյուսներից սուրբ լինել»,- եզրափակել է իր խոսքը Զելենսկին:
Հակակոռուպցիոն մարմինները ստուգումներ են սկսել «Ժողովրդի ծառա» խմբակցության 11 անդամի նկատմամբ՝ հնարավոր կաշառք վերցնելու գործով: