Արսեն Բաբայանի ձերբակալման հիմքերը խարխուլ են. Գեւորգ Պետրոսյան
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանի ձերբակալման հիմքերը խարխուլ են։ Այս մասին մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գեւորգ Պետրոսյանը։
«Արսեն Բաբայանի ձերբակալության փաստին իրավական գնահատական տալ չեմ կարող, որովհետեւ ես հիմքերը պիտի ուսումնասիրեմ, բայց արդեն մի քանի ճանաչված իրավաբաններ հանդես են եկել այն պնդումով, որ 314-րդ հոդվածի առաջին մասով չէր կարող ձերբակալվել Արսեն Բաբայանը, քանի որ այդ հոդվածի նկատմամբ կիրառելի է եղել դեռ անցյալ տարի ընդունած համալրման մասին օրենքը։ Այս առումով արդեն իսկ հիմքերը բավականին խարխուլ են»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը:
Նշենք, որ Բաբայանը ձերբակալվել է երեկ՝ հոկտեմբերի 21–ին։ Ձերբակալումից հետո ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Իմ հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը»։
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ հաղորդման հիման վրա հարուցված գործով բացահայտվել է առերեւույթ կատարված նոր հանցագործության դեպք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Խոսքը վերաբերվում է ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքին։
Նշենք, որ Բաբայանի կողմից ենթադրյալ արարքը կատարվել է Գագիկ Հարությունյանի լիազորությունները վայր դնելու գործընթացում, իսկ Հարությունյանը լիազորությունները վայր է դրել 2018-ի մարտին: Հաշվի առնելով, որ համաներումը տարածվում է մինչեւ 2018-ի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարված, նույն օրենքով սահմանված արարքների, այդ թվում`պաշտոնեական կեղծիքի վրա, ստացվում է, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել է այնպիսի ենթադրյալ արարքի կասկածանքով, որի վրա առերեւույթ համաներում է կիրառելի: