Քննչական ծառայությունները ենթարկվում են կառավարությանը, և վարչապետն օգտագործում է նրանց որպես մահակ. Ա. Չալաբյան
Մեր իշխանությունները փորձում են բոլշևիկյան գործելակերպ որդեգրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ԱԱԾ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ:
«Եթե մենք ուզում ենք իրավական պետություն լինել, ապա ցանկացած մարդ, եթե մեղավոր է, պետք է դատվի: Գործադիր իշխանությունը կամ օրենսդիր իշխանությունը դատավորի ֆունկցիա իր վրա չպետք է վերցնի, այլապես մեզանից յուրաքանչյուրը գործադիր իշխանության թիրախ կդառնա»,-ասաց նա:
Ավետիք Չալաբյանը նշեց, որ քննչական ծառայությունները ենթարկվում են կառավարությանը, և վարչապետը օգտագործում է նրանց որպես մահակ: «Մեզ նորմալ իրավակարգ է պետք: Ես կոչ եմ անում, որ իշխանությունները վերադառնան իրավական գործընթացներին, դա բոլորի շահերից է ելնում, նաև այս իշխանությունների, քանի որ ոչ մի իշխանություն հավերժ չի, ի վերջո գալու է նոր իշխանություն, ով սկսելու է նայել, թե այս իշխանություններն ինչեր են արել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման մասնակից իրավապաշտպաններն այս պահին ՀՀ ԱԱԾ-ի շենքի մոտ են:
Այսօր ԱԱԾ-ում հարցաքննվում էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը՝ 75-ամյա Վարդան Թովմասյանը, ում ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար նա լքել է ԱԱԾ-ն: Ապա բացատրություն տալու էին հրավիրվել Թովմասյանի դուստրերը: