Թուրք հետախույզին ուղարկեին Հայաստան՝ այսպիսի վնաս չէր տա գյուղատնտեսությանը, ոնց որ մերոնք տվեցին. Հրաչ Բերբերյան
Էկոնոմիկայի նախարարությունը Կառավարությանն անասունների մսի գլխաքանակի անհավանական թվեր է ներկայացրել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը։
Բերբերյանն ասաց, որ Կառավարությանը Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է մոտ 19 հազար տոննա անասունների մսի գլխաքանակի թիվ, այդպիսի թիվ ըստ Բերբերյանի՝ Հայաստանի պատմության մեջ չի եղել.
«Մենք կադրեր չունենք, մերն ազատ գործունեության բնագավառ է։ Նախարարությունում կան մարդիկ, որոնց ցրիչ էլ չեն կարող աշխատել, հավաքարար չենք վերցնի։ Անուններ չտամ, կենսագրությունները բացում ենք՝ հերիք է։ Զանգել եմ, բայց չեն փոխում թվերը։ Սխալ հաշվարկների արդյունք է, միտումնավոր դժվար թե անեին։ Այդ նախարարության աշխատակիցները աշխատասենյակում չպետք է նստած լինեն։ Պետք է գոմերում լինեն, դաշտերում, շփվեն արտադրողների հետ։ Ցավոք սրտի, ոչ մասնագետ են, ոչ էլ գնում են, որովհետեւ գնան ֆերմերին ի՞նչ ասեն։ Զանգել, ասել եմ՝ փոխեք այդ թվերը, երեխան տեսնի՝ կծիծաղի։ Հայաստանի պատմության մեջ 1 միլիոն գլուխ չի եղել»։
Բերբերյանն ասաց, որ գյուղատնտեսության ցուցանիշները 7 տոկոսով նվազել են անցյալ տարվա համեմատ, որն ասել են նաեւ Կառավարության անդամները.
«Գյուղատնտեսության բյուջեն անհայտ ձեւով է ծախսվում։ Եթե այն ժամանակ գյուղացին գիտեր, որ Գյուղատնտեսության նախարարություն ծրագրեր է մտնում, հիմա արդեն ինչ-որ Էկոնոմիկայի նախարարություն է, այնտեղից՝ ինչ ծախսերի վրա կգնա գյուղացին տեղյակ չի լինի, հատուկ արվեց»։
Նա նշեց, որ գյուղատնտեսությունը պետք է զարգացնել, քանի որ դրանով բանակին սննդով են ապահովում.
«Քաղաքական գործիչներից մեկն ասաց, որ թուրք հետախույզին ուղարկեին Հայաստան՝ այսպիսի վնաս չէր տա գյուղատնտեսությանը, ոնց որ մերոնք տվեցին։ Մի երկրում ՀՆԱ-ի արտադրությունը գոնե 20 տոկոս գյուղատնտեսությունն է, իսկ ԱՄՆ-ում գյուղատնտեսությունը երկրորդ նախարարությունն է, էսօր դնել կոտրելը՝ թուրքի արած է։ Ոչ մեկը այսպիսի հարված չէր տա գյուղատնտեսությանը, ոնց որ մերոնք տվեցին, թե հասկանալով, թե չհասկանալով։ Կարծում եմ՝ շատ լավ հասկանում են, թե ինչ են անում, բայց վերջիվերջո հայ գյուղացու առաջ պատասխան կտան, չէ՞»։
Անդրադառնալով պիլոտային ծրագրերին՝ Բերբերյանն ասաց.
«6 մարզում պիլոտային ծրագիր են անում, ապահովագրության գործակալություն ունենալու համար հարկավոր է 4 ուղղությունները պահպանել. ոռոգման համակարգը, որ պետք է կայուն աշխատի քեզ մոտ, հակակարկտային ծառայությունն է, որը կայուն պետք է աշխատի քեզ մոտ, բույսերի պաշտպանությունն է, որը պետք է ունենա բույսերի կատարյալ պաշտպանություն եւ անասնաբուժությունը։ Այս 4-ից ոչ մեկը նորմալ վիճակում չէ, ինչպե՞ս եք ապահովագրություն անելու, փողե՞րն եք լվալու՝ ուտեք»։