ՄԱԿ-ում խոսել են 10 տարվա ընթացքում ամենալուրջ ֆինանսական ճգնաժամի մասին
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը զգուշացրել է միջազգային կազմակերպության անդամ երկրներին, որ ՄԱԿ-ը ամսվա վերջին հայտնվել է ֆինանսական ռեսուրսների հյուծման շեմին, եւ կոչ է արել լրիվ չափով կատարել ՄԱԿ բյուջեում անդամավճարների վճարման պարտավորությունները։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«ՄԱԿ գլխավոր քարտուղարը դիմում է ուղարկել մասնակից երկրներին ամենալուրջ ֆինանսական ճգնաժամի մասին, որին բախվում է ՄԱԿ-ը արդեն մոտ մեկ տասնամյակ,- նշել է նա։- Կա սպառնալիք, որ կտրուկ կկրճատվեն կազմակերպության ֆինանսական ռեսուրսներն ամսվա վերջին, եւ այն չի կարողանա իրականացնել անձնակազմին եւ մատակարարներին վճարումները։ Ընդգծելով մասնակից երկրների պարտավորությունները, որոնք նախատեսված են ՄԱԿ Կանոնադրությամբ, գլխավոր քարտուղարը երախտագիտություն է հայտնել այն 129 երկրներին, որոնք արդեն վճարել են անդամավճարները, եւ կոչ է արել մյուսներին անհապաղ եւ լրիվ չափով կատարել այդ վճարումները»։
«Դա վճարումների ուշացումից խուսափելու միակ միջոցն է, այլապես կարող է տեղի ունենալ գլոբալ մասշտաբով գործունեության խափանում»,- ավելացրել է նա։
Սեպտեմբերի վերջին, նշել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը, մասնակից երկրների անդամավճարները կազմել են բյուջեի 70 տոկոսը, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ անդամավճարները կազմել են 78 տոկոս։ «Եթե չլինեին ծախսերի կրճատման միջոցները, որոնք ձեռնարկվել են տարեսկզբին, ապա մինչեւ հոկտեմբեր միջոցների անբավարարությունը կազմակերպությունում կարող էր հասնել 600 մլն դոլարի եւ միջոցներ չէի լինի՝ ապահովելու համար ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի բացման եւ բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպման համար, որոնք տեղի ունեցան սեպտեմբերին»,- ասել է Դյուժարիկը։ «Բայց այդ միջոցներն արդեն բավարար չեն, եւ քարտուղարությունը կարող է հայտնվել աշխատավարձերի եւ ապրանքների ու սպասարկումների վճարումներն ուշացնելու հեռանկարի առջեւ մինչեւ նոյեմբերի վերջ, եթե մասնակից երկրները լրիվ չափով չկատարեն վճարումները»,- ավելացրել է նա։ ՄԱԿ գլխավոր քարտուղարը, ընդգծել է Դյուժարիկը, արդեն պահանջել է շտապ միջոցներ ձեռնարկել ծախսերի հետագա կրճատման վերաբերյալ, այդ թվում՝ տրասնպորտային եւ ապրանքների ու սպասարկումների համար կատարվող ծախսերը։