Նոր մանրամասներ` Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են Mercedes մակնիշի 449 AM 61 համարանիշի, BMW մակնիշի 77 NC 707 համարանիշի, Infiniti մակնիշի 24 ՍՕ 635 համարանիշի և Opel Astra մակնիշի 34 ՏP 164 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 հոգի, այդ թվում՝ երեխաներ, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի բրիգադներ նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ: Երեխաները տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
ԱԻՆ պաշտոնական կայքը մանրամասներ է հաղորդում միջադեպից: Նշվում է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ռոման Հ.), «BMW» (վարորդ՝ Գոռ Մ.), «Mercedes Sprinter» (վարորդ՝ Գագիկ Կ., ծնված 1978 թ.) և «Infiniti» (վարորդ՝ Էմիլ Ա.) մակնիշների ավտոմեքենաները. կա 6 տուժած:
Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
«Infiniti» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ 2003 թ. ծնված Հենրի Ա.-ն և 2012 թ. ծնված Հայկ Ա.-ն, հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները ուղևորների առողջական վիճակը գնահատել են բավարար:
«Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորները՝ 1981 թ. ծնված Հռիփսիմե Մ.-ն և 1979 թ. ծնված Լիաննա Հ.-ն, հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են «BMW» և «Infiniti» մակնիշների ավտոմեքենաները: