1998-ին 13 հավի գողության սենսացիոն բացահայտումը եւ Հայաստանի փողոցներում շարունակվող կրակոցները
Ոստիկանությունը հաղորդագրություն է պատրաստում, հայտնելով, որ իրենց գործադրած ջանքերի արդյունքում բացահայտվել է այսինչ գյուղում 1998թ. տեղի ունեցած 13 հավի գողության դեպքը, բայց ոչինչ չի ասում, թե մինչեւ երբ են Երեւանի եւ Հայաստանի մյուս քաղաքներում շարունակվելու կրակոցները:
Ամենաթողությունը, «դուխովներին» ոգեւորելը հանգեցրին նրան, որ իրավիճակը դուրս է գալիս կամ արդեն դուրս է եկել վերահսկողությունից: Սահմանափակ պատասխանատվության տեր, բայց հսկայական նկրտումներ եւ գրեթե զրոյական գիտելիքներ ունեցողները կայացման ճանապարհ ընտրում են կրակելը, սպանելը, սպառնալը:
Գրեթե ամեն օր օրվա լրահոսում հանդիպում ես մայրաքաղաքում եւ երկրի այլ բնակավայրերում տեղի ունեցած կրակոցների, սպանությունների, սպանության փորձերի մասին: Գրեթե ամեն օր ինչ-որ մեկը դանակով ինչ-որ մեկին է հարվածում: Եւ այս ամենի կողքին խորհրդանշական է ոստիկանության հաղորդագրությունը 1998թ. գողացված 13 հավերի գործի բացահայտման մասին:
Իրավիճակը լուրջ է, իրավիճակը մտահոգիչ է: Շատ շուտով Երեւանի փողոցները կարող են հիշեցնել իննսունականների սկզբի ամենաթողության շրջանը, երբ մի պահ ոստիկանները սարսափում էին համազգեստ կրել: Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, անպատասխանատու կոչերն ու հայտարարությունը հանգեցրեց եւ դեռ հանգեցնելու է ծանր հետեւանքների:
Երկրի իրավապահ համակարգը մեղավոր չէ այս ամենի համար: Ոչ ոստիկանները, ոչ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Նրանց վրա բարդել են տարիներ առաջ կատարված կամ չկատարված հանցագործությունների, իսկ հիմնականում հանցագործությունիկների բացահայտման գործը, այն էլ ահռելի ծավալներով:
Իրավապահներին պարտադրում են սենսացիոն գործեր բացահայտել եւ դրանով կերակրել հանրությանը, առկա խնդիրներից շեղելու համար, որի արդյունքում առկա խնդիրները բազմապատկվում են:
Երեւանի փողոցներում կրակոցները, սպանությունները սովորական են դարձել: պետք է սթափվել, պետք է հասկանալ, որ Երեւանը արդեն ոչ թե կեղտի մեջ է կորել, ոչ թե առնետներն արդեն իրենց տեր ու տիրակալ են զգում, այլ տեր եւ տիրակալ են զգում հանցավոր եւ խուլիգան խմբերն ու խմբավորումները:
Վարդան Մխիթարյան
Top-News.am