Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել Քոչարյանի գործով տրամադրել խորհրդատվական կարծիք
2019 թվականի օգոստոսի 20-ի գրությամբ Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով տրամադրելու խորհրդատվական կարծիք։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Սահմանադրական դատարանի հաղորդագրությունից։
Այն ներկայացնում ենք ստորեւ.
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Վենետիկի հանձնաժողով ներկայացված դիմումի առնչությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է.
2019 թվականի օգոստոսի 20-ի գրությամբ Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել տրամադրելու խորհրդատվական կարծիք (amicus curiae opinion)»։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ն որոշել է խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով. «Սույն թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունեց աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ»,- հայտնել էին ՍԴ-ից: