Ամերիկահայեր․ Թրամփն ուժեղացրել է բերանները փակելու՝ Անկարայի քաղաքականությունը
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը տարածել է հայտարարություն այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ապիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, իր հայտարարության մեջ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Համբարյանի խոսքով, նախագահ Թրամփն իր հայտարարությամբ ավելի է ուժգնացրել Անկարայի քաղաքականությունը, որը լռեցնում է ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը։
«Չկարողանալով պատշաճ ձեւով հարգել զոհերի հիշատակը ապրիլի 24-ին՝ Թրամփը փաստորեն ցեղասպանությունների կանխմանն ուղղված ԱՄՆ քաղաքականությունը հանձնեց Ռեջեփ Էրդողանի ձեռքը՝ մեծամիտ ու ավտորիտար բռնապետի, որը հրապարակավ ոլորում է ԱՄՆ նախագահների ձեռքերը, ստիպելով լռել միլիոնավոր հայերի, հույների, ասորիների ու Թուրքիայի մյուս քրիստոնյաների զանգվածային սպանությունների հարցով»,- ասել է նա։