Հիմա Հյուսիսային պողոտան լա՞վն է, թե՞ վատը
ՄԻԵԴ-ը հրապարակեց Վարդանյանն ու Նանուշյանն՝ ընդդեմ Հայաստանի գործով դիմող Յուրի Վարդանյանի գույքային իրավունքների խախտմամբ նրան պատճառված վնասի փոխհատուցման մասին վճիռը, որից հետո ոմանք կրկին հիշեցին, թե ինչ վատն է Հյուսիսային պողոտան, եւ քանի մարդու ճակատագիր է խեղվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին նույն Հյուսիսային պողոտայի տարածքում:
Բուզանդի 13 հասցեում 1385 քառ. մետր տարածք ունեցող Վարդանյանին պետությունը վճարելու է 1.6 միլիոն դոլար: Այսպիսով, պետությունը յուրաքանչյուր քառակուսի մետրի համար նրան վճարելու է ավելի քան 1100 դոլար:
Հիմա չեն ուզում հիշել նրանց, ովքեր Հյուսիսային պողոտայի տարածքում ունեցած իրենց հյուղակների, փոքրիկ տնակների համար այնքան գումար ստացան, որ անգամ երկու եւ երեք բնակարան գնեցին: Չեն հիշում, քանի որ դրա կարիքը չկա:
Ընդամենը առիթ է պետք կրկին Ռոբերտ Քոչարյանին քննադատելու համար: Զավեշտն այն է, որ այսօր այդ գործի առաջամարտիկները հիմնականում նրանք են, ովքեր պողոտայի շինարարության տարիներին կամ լռում էին, կամ հիացական տեքստեր ասում, քննադատում նրանց, ովքեր առաջարկում էին պահպանել արժեք ներկայացնող կառույցները, կամ էլ ոչ լռում էին, ոչ էլ կարծիք հայտնում, քանի որ կամ դեռ չկային, կամ ինչ-որ մի տեղ գիշերային պահակ էին ձեւակերպված:
Հիմա, աղավաղելով իրականությունը, այնպիսի կարծիք են ուզում ստեղծել, կարծես այդ տարածքում հիասքանչ տներ եւ կառույցներ էին, իսկ Ռոբերտ Քոչարյանը վերցրեց եւ ավերեց այն: Լավ, եթե այդքան չեք սիրում Հյուսիսային պողոտան կամ համոզված եք, որ ապօրինի կառույց է, ապա ավերեք այն, քանդեք եւ վերականգնեք առնետներով լեցուն ծուռումուռ փողոցները եւ իրար գլխի բարձրացած հյուղակները:
Կամ, որ այդքան չեք սիրում Հյուսիսային պողոտան, ինչու եք մեր երկրի բարձրաստիճան հյուրերին այնտեղ զբոսանքի տանում: Լավ ցինիզմը հասկացանք, բայց ձերը ցինիզմ էլ չի, ձեր արածը դեռ բնորոշում էլ չունի: Գիտնականները դեռ մտածում են:
Իհարկե, շատ լավ կլիներ, որ շինարարները քանդվող տների բնակիչների հետ առավելագույն փոխզիջման գնային, լավ կլիներ, որ դատարաններն այնպիսի որոշումներ կայացնեին, որ այսօր երկիրն այդ որոշումներից չտուժեր, բայց վերցնել մի քանի առանձին վերցրած պատմությունները ներկայացնել որպես համատարած երեւույթ, առնվազն ճիշտ չէ:
Մեզ ցանկանում են պահել մարտի մեկում, մեզ ցանկանում են պահել Հյուսիսային պողոտայի կառուցման տարիներին, մեզ համառորեն չեն թողնում հասնել 2019 թվական: Մեզ տանում են 1937 թվական եւ ցանկանում «չիստկա» իրականացնել, որին վեթինգ անուն են տալիս, ցանկանում են վերականգնել իմպերիալիզմի գործակալների որոնումների ժամանակաշրջանը:
Եթե հետեւենք այս տրամաբանությանը, ասենք, որ Հյուսիսային պողոտայի շինարարության ժամանակ մարդկային ճակատագրեր են խեղվել, ապա եկեք հետ գնանք, ավելի հետ գնանք ու հասնենք Երեւանյան լճի կառուցման տարիներին, Շամբի ջրամբարի կառուցման տարիներին: Չէ որ մարդիկ իրենց մեծ տներից, մեծ եւ գեղեցիկ այգիներից զրկվեցին:
Եկեք գնանք եւ հասնենք Օղակաձեւ զբոսայգու կառուցմանը: Քանի-քանի տուն քանդվեց, քանի-քանի ճակատագիր խեղվեց, թե՞ կարծում եք այդ մարդիկ ուրախ էին, որ իրենց տները քանդվում են: Ուրախ չէին կամ ուրախ էին շատ քչերը: Հիմա ի՞նչ, չկառուցվեին ջրամբարները, Երեւանյան լիճը, Օղակաձեւ զբոսայգին, Հյուսիսային պողոտան:
Լավ, Ռոբերտ Քոչարյանին շնորհակալություն չեք հայտնում՝ մի հայտնեք, նա դրա կարիքը չունի, բայց գոնե մի ասեք, թե մարդկային կյանքեր խեղելով է կառուցվել Հյուսիսային պողոտան, այն շատ վատն է, հետո գնացեք այնտեղ զբոսնեք, ձեր հյուրերին էլ անպայման տարեք այնտեղ եւ հպարտացեք: Մի արեք, իրոք սիրուն չէ:
Top-News.am