ԲԴԽ անդամներն այսօր հանդիպելու են խուզարկված դատավոր Դավիթ Գրիգորյանին
Բարձրագույն դատական խորհրդի անդամներն այսօր հանդիպելու են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը նշեց, որ Դավիթ Գրիգորյանից բացատրություն չեն պահանջելու։
«Հակառակը՝ կխոսենք, հասկանանք, տեսնենք՝ այս գործողությունները, որպես դատավոր, որքանով են ազդել նրա անկախությանը, անաչառությանը։ Մենք ենք այսօր զանգել նրան՝ հանդիպելու։ Մինչև իր հետ չխոսենք, ինչպե՞ս կարող ենք կարծիք ասել»,-ասաց Բեքմեզյանը՝ հավելելով որ ուղիղ կապ չի տեսնում դատավորի սենյակի խուզարկության և նրա՝ Քոչարյանի գործով կայացրած որոշումների միջև։
Օրերս Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն էր իրականացրել դատավորի աշխատասենյակում, որտեղից առգրավել համակարգիչ, այնուհետև, կնիքվել էր դատավորի աշխատասենյակի դուռը։
Հարցին, թե նախապես չպե՞տք է Գրիգորյանին խուզարկության մասին տեղյակ պահեին՝ Բեքմեզյանը պատասխանեց․ «Եթե իր մասնակցությամբ է տեղի ունենում՝ մի օր առաջ պետք է տեղյակ պահեն։ Մեզ որ տեղյակ են պահել՝ դատավորի մասնակցության մասին ոչինչ չի ասվել»։
Դավիթ Գրիգորյանը քննել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը։ Հենց այս դատավորի որոշմամբ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխվեց Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ։ Այնուհետև Գրիգորյանի որոշման դեմ քաղաքացիական անհնազանդություն տեղի ունեցավ, այդ որոշումից հետո էլ շրջափակվեցին դատարանների ելքերն ու մուտքերը։
ԲԴԽ-ն եւ ՀՔԾ-ն բացառում են, որ այս խուզարկությունը կապ ունի Քոչարյանի գործի հետ։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում