ԱՄՆ-ն պատրաստ է բանակցություններ սկսել Իրանի հետ. պետքարտուղար
ԱՄՆ-ն պատրաստ է բանակցություններ վարել Իրանի հետ առանց նախապայմանների: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Վերջինիս խոսքով՝ Իրանի գերագույն ղեկավարությունը՝ այաթոլլա Ալի Խամենեի գլխավորությամբ, պետք է որոշում կայացնի բանակցություններ սկսելու մասին:
«Նա (Խամենեին) պետք է որոշում կայացնի, որ Իրանը պետք է նորմալ երկիր դառնա և միանա ազգերի համագործակցությանը՝ շարունակ մեկուսացման եթարկվելու, աքսորյալ երկիր և ահաբեկչության խոշորագույն հովանավոր լինելու, ողջ աշխարհին միջուկային զենքով և հրթիռներով սպառնալու փոխարեն»,- ասել է Պոմպեոն` ամերիկյան ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Նրանք պետք է նման որոշում կայացնեն, և եթե այդպես լինի, նախագահ Թրամփը հայտարարել էր, որ մենք պատրաստ ենք նրանց հետ սեղանի շուրջ նստել և զրուցել, թե ինչպես կարելի է կատարել այդ անցումը: Վերջիվերջո, մենք պատրաստ ենք հանդիպելու նրանց հետ առանց նախապայմանների, հուսով ենք, որ նրանք նույնը կանեն»,- հավելել է պետքարտուղարը: