ՀՀ քաղաքացին կալանվել է Վրաստանում Ռուսաստան ռադիոակտիվ նյութեր տեղափոխելու փորձի պատճառով
Վրաց-հայկական սահմանի «Սադախլո» մաքսակետում կալանել են Հայաստանի քաղաքացու, որը փորձում էր ռադիոակտիվ նյութեր տեղափոխել Ռուսաստան, այսօր տեղեկացրել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Քննության տվյալներով՝ Հայաստանի քաղաքացին, որը բեռնատար միկրոավտոբուս էր վարում, փորձում էր չորս փաթեթում փաթեթավորված «թորիում» նյութ անցկացնել Հայաստանից Ռուսաստան Վրաստանի տարածքով։ «Առգրավված նյութը վտանգավոր է մարդու կյանքի եւ առողջության համար»,- ընդգծվում է Վրաստանի ՊԱԾ հաղորդագրությունում։
Փորձաքննությունը պարզել է, որ փաթեթների ընդհանուր քաշը կազմում է 71,63 կիլոգրամ, եւ դրանք պարունակում են ռադիոակտիվ «Թորիում 232» իզոտոպ, որը պատկանում է միջուկային նյութերի կարգին։
Ճառագայթման չափաբաժնի հզորությունը փաթեթների մակերեսին կազմում էր ժամում 18 միկրոզիվերտ։
Կալանվել է բեռան տերը՝ Հայաստանի քաղաքացի Միլիտոս Մ.-ն։ Թբիլիսիի քաղաքային դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանումը։
Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի գլխավոր քննչական վարչությունը վարում է միջուկային նյութեր ունենալու եւ դրանց ապօրինի տեղափոխման փաստի քննությունը։ Հոդվածը նախատեսում է պատիժ 5-10 տարի ազատազրկում։