Թբիլիսիում երկու տարբեր ցույցերի մասնակիցները չեն կարողանում կիսել խորհրդարանի շենքի մոտ տարածքը
Վրաստանի հոգևորականության ներկայացուցիչները և ԼԳԲՏ միջոցառումների դեմ հանդես եկող ոչ կառավարական կազմակերպությունների անդամները և երկրի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները չեն կարողանում կիսել իրենց ցույցերի վայրը Թբիլիսիի կենտրոնում գտնվող խորհրդարանի շենքի առջև, հայտնում է ria.ru-ի թղթակիցը:
Ռուսթավելի պողոտայում բողոքի ակցիաները շարունակվել են ամբողջ գիշեր։ Այս պահին խորհրդարանի շենքի առջև իրենց բողոքն են արտահայտում հոգևորականներն ու ՀԿ-ների անդամները, որոնք երկուշաբթի օրվանից պահանջում են արգելել ԼԳԲՏ համայնքի բոլոր միջոցառումները: Չեն պատրաստվում ցրվել նաև Գախարիայի հրաժարականի պահանջով հավաքի մասնակիցները։
«Մենք կանգնել ենք ողջ գիշեր և ցրվելու մտադրություն չունենք: Մեր գործողությունների քսաներորդ օրը մենք հանդես ենք գալիս միևնույն պահանջով՝ ներքին գործերի նախարարի հրաժարականը: Սակայն մեզ պետք է վերադարձնեն խորհրդարանի շենքի առաջ մեր տեղը»,-հայտնել է ցույցի մասնակիցներից մեկը:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ներքին գործերի նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները երեքշաբթի առավոտվանից քանիցս փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը, ինչը բախումների է հանգեցրել:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիաներն սկսվել էին հունիսի 20-ին` ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
Հունիսի 20-21-ին Վրաստանի մայրաքաղաքում 305 ցուցարար էր ձերբակալվել, շուրջ 240-ը տուժել էին: Երկու մարդ զրկվել է աչքից:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում