Գեներալ Վանեցյանի ընտրությունը
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին շնորհվել է գեներալի-մայորի կոչում։ Այն, ինչը անհասկանալի պատճառներով չէր արվում մեկ տարվա ընթացքում, որոշվել է անել հիմա։ Ներքաղաքական զարգացումների եւ արտաքին ընդգծվող մարտահրավերների պայմաններում Ն. Փաշինյանի այս որոշումը մի քանի հակասական ենթաշերտեր ունի։
Տարբերակ առաջին
Փաշինյանը հասկանում է, որ երկրում առաջընթաց չկա եւ իր հանդեպ հանրային ապատիայի փուլը ամիսների խնդիր է, թերեւս աշնանը։ Հեղափոխության էյֆորիայի ժամկետները սպառվում են, իսկ իրական արդյունքներ չկան։ Այս պայմաններում ցանկացած իշխանություն գնում է հայտնի ճանապարհով՝ հանրային սպասվող դժգոհությունների ֆոնին ուժեղացնել իրավապահներին։ Մոտիվացնել նրանց կոշտ պայքարի։ Նույն համատեքստում պետք է դիտարկել ոստիկանապետի, քնչական ծառայության պետերի կոչումները։
Տարբերակ երկրորդ
Արթուր Վանեցյանի վարկանիշը բավական բարձր է, եւ դա գիտի Փաշինյանը։ Առայժմ սա զուտ տեսական ցուցանիշ է, բայց հաշվի առնելով, որ ԱԱԾ պետը ունի բարձր վարկանիշ եւ իշխանության ներսում եւ իշխանությունից դուրս, դա դառնում է բավական իրական մտահոգող գործոն։ Գեներալի կոչում շնորհելով նրան, չի բացառվում, որ Փաշինյանը փորձում է Վանեցյանին ավելի սերտ հարաբերությունների մոդել առաջարկել՝ նրա վրա դնելով բարոյական պարտավորություններ։ Հայտնի է, որ ցանկացած սպայի մոտ ձեւավորվում է որոշակի բարոյական պարտավորություների զգացում այն ղեկավարի հանդեպ, որից նա ստանում է գեներալի կոչում։
Տարբերակ երրորդ
Ակնհայտ է, որ ԱԱԾ-ի պետի հանդեպ ձեւավորված է ուժեղ, կազմակերպված համակարգ, որը խնդիր է դրել հասնել նրա պաշտոնանկությանը։ Նրանց ճնշումները Փաշինյանի վրա գնալով ուժեղանալու են։ Փաշինյանն առայժմ դիմադրում է՝ տարբեր պատճառներով, բայց դա չի նշանակում, որ իր հնարավորությունները անսպառ են։ Ուժերը, որոնք խնդիր են դրել հասնել ԱԱԾ պետի պաշտոնանկությանը, հայտնի «թունավոր» կենտրոններ են, որոնց նպատակը Հայաստանում հակառուսական բաստիոն սարքելն է եւ երկրում քաոսային մթնոլորտ ձեւավորելը։ Վանեցյանի հնարավոր չեքոքացումը այս համակարգում միայն հերթական քայլերից մեկն է համարվում։ Փաշինյանը շատ լավ հասկանում է, եւ չի բացառվում, որ հենց այդ պատճառով է շնորհում նրան գեներալի կոչում՝ ցույց տալու համար, որ ինքը չի ենթարկվի ճնշումներին։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ հակառակ ճամբարը քնած չի մնալու եւ փնտրելու է ճնշման ուժեղացման նոր տարբերակներ։ Կարծում ենք, այս զարգացումները առաջիկայում մենք կտեսնենք։
Տարբերակ չորրորդ
Հավաստի աղբյուրների համաձայն՝ այսօր Ռուսաստանի հետ միակ գործուն, աշխատանքային խողովակը ԱԱԾ պետն է։ Մնացած մակարդակներում զուտ արարողակարգային շփումներ են։ Փաշինյանին այս վիճակը խորապես անհանգստացնում է, մանավանդ, որ Վլադիմիր Պուտինի հետ իր վերջին, բառիս բուն իմաստով, 12 րոպեանոց հանդիպումից հետ նա անձամբ է զգացել հայ-ռուսական հարաբերությունների՝ ներկայիս ողջ սառնությունը։ Չի բացառվում, որ գեներալի կոչումը ժեստ է ռուսական կողմին՝ ցույց տալու, որ ձեր գործընկերոջ կարգավիճակը բարձրացվում է, դիվանագիտական լեզվով՝ շեշտելով հարաբերությունների կարեւորությունը։
Տարբերակ հինգերորդ
Կա վարկած, որ սա ժամանակ շահելու եւ զգոնություն թուլացնելու համար է։ Չի բացառվում, որ սա շատ նման է 1943 թվականին Ստալինգրադում շրջափակման մեջ գտնվող Պաուլսին՝ Հիտլերի կողմից ֆելդմարշալի կոչում շնորհելուն։ Դժվար է հաշվարկել, թե Փաշինյանը հոգու խորքում ինչքան է վստահ, որ կկարողանա դիմակայել Վանեցյանին իշխանությունից հեռացնելու ճնշումներին կամ ինչքան է ուզում։ Նրանք, ովքեր դնում են այդ պահանջը, անմիջականորեն շահագրգռված են հայ-ռուսական հարաբերությունների կտրուկ վատացմամբ, եւ նրանց գերխնդիրը հենց դա է։ Դատելով վերջին զարգացումներից՝ Փաշինյանը մտել է նրանց խաղի մեջ՝ անցումային արդարադատություն, վեթինգ, առանց դատական վճռի ունեզրկում, Արցախի հետ լարվածություն, ՍԴ նախագահի ինքնահռչակում եւ այլն՝ բոլոր ան քայլերը, որոնք բերում են անկայունության։ Եվ ոչ ոք չգիտի, թե սցենարի մինչեւ որ կետերն են արդեն համաձայնեցված։ Այս առումով, Ա. Վանեցյանը պետք է լինի շատ ուշադիր եւ կարողանա տիրապետել բարձր վարկանիշի կապիտալիզացիայի նուրբ տեխնոլոգիաներին։
Top-News.am
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում