Հայաստանից սկսել են ավելի շատ ոսկի ու շոկոլադ արտահանել
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց թվային տվյալներ, որոնք ագրեգացված ցուցանիշներում չեն երևում: Նա նշեց՝ 5 ամսվա արդյունքներով 5,6 տոկոս արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ է գրանցվել, նախնական վերլուծությունը վկայում է նաև, որ այդ աճի վրա մեծապես ազդել է ոչ թե հանքահումքային, այլ մշակող արդյունաբերության աճը, որ 5 ամիսների ընթացքում մոտ 10 տոկոս հանրագումարային աճի ցուցանիշ է դրսևորել:
Խաչատրյանը նշեց երեք առանձնահատուկ ցուցանիշ, որոնց ազդեցությունը գուցե դեռ շատ մեծ չէ, բայց դրանք առանձնացնում են որպես աճի ներուժ ունեցող ուղղություններ, կարծում է՝ ապագայում ավելի ու ավելի շատ են խոսելու դրանց մասին:
Առաջին ուղղությունը ոսկերչական կամ ոսկեգործական արտադրանքն է, 5 ամիսների կտրվածքով գրանցվել է 86 տոկոսանոց աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
«Այս ուղղությունը ՀՀ տնտեսության առաջատար ավանդական ուղղություններից է եղել, նախորդ տարի, գուցե նաև օբյեկտիվ պատճառներով դիրքերի որոշակի զիջում էր եղել, նոր հնարավորություն է դրսևորվում, ինտեգրացիոն գործընթացներն են ազդում, այդ ուղղությամբ որոշակի կանոնակարգային փոփոխություններ ենք զարգացվում, որոնք թույլ են տալու միասնական շուկայում ունենալ աճի բազմաթիվ նոր ցուցանիշներ»,- ասաց նա:
Երկրորդ ուղղությունն, ըստ նախարարի, շոկոլադի արտադրությունն է: Նախարարը շեշտեց՝ նորից ունենք տեղական արտադրող, որ նախորդ տարիներին ներքին շուկայում ցուցաբերել է իր վստահ մրցունակությունը, արտահանման ծավալում այս տարվա 5 ամիսների կտրվածքով կա 32,7 տոկոսանոց աճ: Նախարարի կարծիքով, ինչը նաև ամրապնդվել է արտադրողի հետ զրույցների ընթացքում, առաջիկայում այս ուղղությունը ևս լինելու է կայուն դիրքեր ունեցող ուղղություն:
Խաչատրյանի նշած երրորդ ուղղությունը գյուղատնտեսական արտադրանքի, մասնավորապես՝ բուսաբուծության ոլորտում արտադրանքի հետագա վերամշակումն է, որ պետք է ունենա ավելի մեծ կշիռ մեր տնտեսական կյանքում: Նախարարը տեղեկացրեց, որ այս տարվա 5 ամիսների ընթացքում այս ուղղությունը ևս զգալի աճ է դրսևորում. 18,3 տոկոսով ավելի շատ ենք արտահանել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: